7
Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից
Մի մեծ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ…
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։
8․ Ծուռ հսկան
Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան…
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել։
Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։
Հարցեր և առաջադրանքներ՝
- Վերնագրիր հատվածները:
- 7․ Մելերված հովիվը 8․ Ծուռ հսկան
- Նկարիր Սասուն քաղաքը:
- Հատվածից դուրս գրիր կոշիկ բառի հոմանիշը և գրիր, թե ինչ բառերից է կազմված:
- Ոտնաման – ոտ+աման
- Ինչո՞ւ քաղաքացիները չէին ուզում, որ Դավիթը նախրապան լինի:
- Որովհետև Դավիթը հոտը խառնել էր գազանների հետ և բերել հասցրել էր քաղաք։
- Ինչո՞ւ էր Դավիթը բողոքում իր գործից, ինչո՞ւ էր դժվար այդ գործը:
- Որովհետև ուլերը բարձրացել էին սարն ի վեր և Դավիթը մի կերպ էր կարողացել հասնել նրանց ետևից։