Վանն աշխարհի հնագույն այն քաղաքներից է, որ գոյություն ունի հիմնադրման օրվանից: Հայտնի է նաև Տուշպա, Բիաինա, Տոսպ, Երվանդավան, Վանտոսպ, Քաղաքն Շամիրամա և այլ անուններով: Կառուցվել է Վանա լճի ափից 2–3 կմ արևելք՝ Վասպուրական նահանգի Տոսպ գավառում: Ավանդությունը քաղաքի հիմնադրումը վերագրում է Ասորեստանի Շամիրամ թագուհուն, սակայն իրականում այն հիմնադրել է Վանի թագավորության կամ Ուրարտուի հիմնադիր Սարդուրի Ա արքան (մ. թ. ա. 835–824 թթ.), անվանել է Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, որն ավելի է ընդարձակվել մ. թ. ա. 7– 5 դարերում: Ենթադրվում է, որ մ. թ. ա. 6-րդ դարում Երվանդունիները Վանը դարձրել են իրենց հիմնադրած թագավորության մայրաքաղաքը: 908–1021 թթ-ին եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության մայրաքաղաքը:1555 թ-ի Ամասիայի և 1639 թ-ի Կասրե-Շիրինի թուրք-պարսկական հաշտության պայմանագրերով քաղաքն անցել է օսմանյան սուլթանությանը՝ դառնալով Վանի վիլայեթի (նահանգ) կենտրոնը: Քաղաքն զգալիորեն տուժել է 1648 թ-ի երկրաշարժերից: 1862 թ-ին հայ բնակչությունն ընդվզել է թուրքական իշխանությունների դեմ և առժամանակ գրավել Վանի բերդը:Մինչև 1915–16 թթ. Վանն Արևմտյան Հայաստանի արհեստագործական, հոգևոր և կրթամշակութային, գրահրատարակչական նշանավոր կենտրոնն էր: 20-րդ դարի սկզբին Վանում եղել է 12 եկեղեցի, որոնցից 10-ը՝ գործող: 1914 թ-ին քաղաքում գործել են Կեդրոնական և Երամյան վարժարանները, Արարուց (երկսեռ), Հայկավանքի, Սբ Հակոբի, Նորաշենի, Հանկույսերի (արական), թաղային Սանդխտյան օրիորդաց դպրոցները: Երամյան և Կեդրոնական վարժարանների շրջանավարտները հրատարակել են «Երկունք» խմորատիպ ամսագիրը: 19-րդ դարի 2-րդ կեսից Վանն Արևմտյան Հայաստանի հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոններից էր: Ըստ Վանի առաջնորդարանի տվյալների՝ Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) նախօրեին քաղաքն ուներ 34 հզ. հայ, 21 հզ. թուրք բնակիչներ: Մեծ եղեռնի ժամանակ Վանի հայությունը շրջակա գավառների հայերի հետ դիմել է ինքնապաշտպանության, որի հաղթական ավարտից հետո ռուսական հրամանատարությունը կազմավորել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր)՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Սակայն 1915 թ-ի հուլիսի 2-ին ռուսական զորքերի անսպասելի նահանջի պատճառով բնակչությունը հարկադրված թողել է քաղաքը և գաղթել Արևելյան Հայաստան: Մի քանի օր անց ռուսական զորքերը վերագրավել են Վանը. բնակիչների մի մասը վերադարձել է քաղաք: Սակայն 1918 թ-ի փետրվարին թուրքերը կրկին հարձակվել են, և հայերն ստիպված դարձյալ գաղթել են:Վանի հիշարժան կառույցներից էին Երամյան վարժարանի նոր շենքը, Աշխատանքի տունը (1911– 1912 թթ., ճարտարապետ՝ Հովհաննես Քաջազնունի), Վարժապետանոցի երկհարկանի շենքը: Վանը միջնադարյան հայ գրչության ու մշակույթի, ինչպես նաև Վասպուրականի մանրանկարչության դպրոցի մեծ կենտրոններից էր:Վանում են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հասարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, պետական գործիչ Աղասի Խանջյանը, գրող Գուրգեն Մահարին, ռեժիսոր Վարդան Աճեմյանը, ճարտարապետության պատմաբան Վարազդատ Հարությունյանը և ուրիշներ:Ներկայումս Վանը Թուրքիայի Հանրապետության համանուն նահանգի կենտրոնն է՝ 50 հզ. բնակչությամբ: Թուրքերից բացի՝ քաղաքում բնակվում են նաև քրդեր:

