Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:
Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:
Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:
Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ: