Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
— Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստված
Դու, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց`
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպես որդիս իր մոր գրկին
Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կյանքից
Կարոտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք` գազան` չար ու ապուշ:
Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան: