Լուրը գնում է հասնում Արան թագավորին: Զարհուրում է ծերունի թագ•ավորը իր ոսկի գահի վրա: Հրաման է հանում, կանչում, հավաքում իր տերության աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ո՞վ է տեսել կամ ո՞վ է իմացել էս տեսակ մի բան, էսպես մի տեսիլք: Էս ի՞նչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրա: Ի՞նչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնա, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագավորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցավի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր, հետո հետ են գալիս, թե` թագավորն ապրած կենա, չգտանք: Թագավորը մենակ փակվում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ հանկարծ նրա առջև հրաշքով հայտնվում է մի սպիտակահեր՝ ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկա ծերունի: Ասում է.
— Արան թագավոր, քո ցավի ճարը Հազարան Հավքն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով ու երգի հետ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով: Եթե Հազարան Հավքը մի օր արշալույսին երգի քո Այգում, Այգին կկանաչի, փուշը վարդ կծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գել ու արջ, նորից կդառնան մարդիկ՝ ազնիվ, լավ ու բարի մարդիկ:
— Բայց ո՞ր երկրում, ո՞ր անտառում, ո՞ր սարում է երգում Հազարան Հավքը,- հարցնում է Արան թագավորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհքում,- պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքվում թագավորի աչքից: