ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ
Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
1894
ՊԱՏՐԱՆՔ
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
1918
ԱՂԲՅՈՒՐ
Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»
1892
ՆԱԽԵՐԳԱՆՔ Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք Թափառական աշուղին, Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք, Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։ Մենք ամենքըս հյուր ենք կյանքում Մեր ծնընդյան փուչ օրից, Հերթով գալիս, անց ենք կենում Էս անցավոր աշխարհից։ Անց են կենում սեր ու խընդում, Գեղեցկություն, գանձ ու գահ, Մահը մերն է, մենք մահինը, Մարդու գործն է միշտ անմահ։ Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։ Չարն էլ է միշտ ապրում անմեռ, Անե՜ծք նըրա չար գործքին, Որդիդ լինի, թե հերն ու մեր, Թե մուրազով սիրած կին։ Ես լավության խոսքն եմ ասում, Որ ժըպտում է մեր սըրտին. |
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման, Լավ արարքը, լավ մարդին։ Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք, Մի բան պատմեմ հիմի ձեզ, Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում, Քաջ որսկանի գյուլլի պես։ |