
Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Նրանք ավելի բարդ են կազմավորված, քան ջրիմուռները, սակայն պարզունակ են մնացյալ սպորավորների և սերմնավոր բույսերի համեմատ:Կանաչ մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ, ստվերախիտ մասերում, որտեղ առաջացնում են համատարած փափուկ ծածկոց: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, տունդրաներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա:Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները:Մամուռներն ունեն լայն բազմազանություն և հաջորդում են ծաղկավոր բույսերին` ներկայացուցիչների թվով: Ներկայումս գիտությանը հայտնի է մամուռների գրեթե 25 հազար տեսակ:Խոնավությամբ հարուստ վայրերում աճում է կանաչ մամուռ կկվավուշը, որը նպաստում է մթնոլորտում խոնավության պահպանմանը, միաժամանակ այլ մամուռների հետ միասին կարող է դառնալ ճահճացման պատճառ: Կկվավուշը մամուռների ամենատարածված ներկայացուցիչներից մեկն է: Ունի մոտ 20−30 սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով: