Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ;
Գործողություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը:
Օրինակ՝ Անձրևը լվանում է բոլոր հետքերը:
Եղելություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը, դառնալը:
Օրինակ՝ Աշնան գույներից բնությունը շքեղացել է:
Առարկայի մի բան անելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է արել, ի՞նչ արեց. ի՞նչ է անելու, ի՞նչ կանի և նման հարցերի:
Առարկայի մի բան լինելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ լինել, ի՞նչ է լինում, ի՞նչ է եղել, ի՞նչ եղավ, ի՞նչ է լինելու և նման հարցերի:
Բայի կազմությունը
Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:
Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:
Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:
Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:
Պատճառական բայերը կազմվում են`
1. Ա խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:
2. Ե խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:
3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:
Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:
Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:
Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:
Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել, կապել-կապկպել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:
Կազմությամբ կրավորական կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:
Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:
Գործնական աշխատանք
1. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր սոսկածանցավոր 3 բայ. ՝ ան, են, ն, չ:
ա. թխանալ, տուգանել, կախանել, մգանալ, մոտենալ, պատճենել
բ. հագնել, ոստնել, գետնել, ելնել, ընկնել, տքնել
գ. շնչել, թռչել, կորչել, թրջել, հաչել, կպչել
2. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր բազմապատկական ածանցով 3 բայ՝ ատ, ոտ կոտ, տ, կլտ:
ա. մորթոտել, նպաստել, նեղսրտել, կապոտել, կտրտել, խարտել
բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, ցատկոտել, կոտրատել, կապտել
գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել, հետազոտել
դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, խոցոտել, ածխոտել, ցատկոտել
ե. փայլկլտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալ, հեծկլտալ, ճտճտալ
3. Ընդգծի՛ր 3 բազմապատկական բայ՝ արմատի կրկնությամբ:
ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպել, խաբխբել, սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայել, կախկխվել
գ. ողողել, շողշողալ, վախվխել, հայթայթել, ծալծլել, բարբառել
դ. վազվզել, ավարտել, նեղսրտել, ծամծմել, դխկդխկալ, կողոպտել
ե. թշթշալ, փոշոտել, քաշքշել, խայտալ, խշխշալ, ժպտալ:
4.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Թարմանալ-թարմացնել
ամաչել-ամաչեցնել
սարսափել-սարսափեցնել
մոլորել-մոլորեցնել
կռվել-կռվեցնել
պայթել- պայթեցնել
նստել-նստեցնել
խմել-խմեցնել
խոսել-խոսեցնել
հիշել-հիշեցնել
հագնել-հագցնել
իջնել-իջեցնել
քնել-քնեցնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջացնել
կարմրել-կարմրեցնել
կատաղել-կատաղեցնել