Posted in Մայրենի 6-րդ դասարան

Գործնական քերականություն

 Մեկ բառով բացատրիր դարձվածքների իմաստը:
Գլխի ընկնել-հասկանալ
ականջին օղ անել-հիշել
աչքը ջուր կտրել-սպասել
անդանակ մորթել-տանջել
բռունցքը թափ տալ-սպառնալ
արձան կտրել-քարանալ
էն աշխարհը գնալ-մահանալ
անկողին ընկնել-հիվանդանալ
բախտը ժպտալ-հաջողել
բերանը բաց մնալ- զարամնալ
արձան կտրել-քարանալ

Դարձվածաբանական  բառարանից գլուխ, սիրտ, ոտք, ձեռք բառերով գրել հինգական  դարձվածք և բացատրել իմաստները:

Գլուխ տալ -խոնարվել

Գլուխ բերել- իրագործել

Գլուխ պահել -ծուլանալ

Գլուխ գովել-պարծենկոտ

Գլուխ կոտրել- մտածել

Սիրտ ճաքել- վախեցնել

Սիրտ առնել -սիրաշահել

Սիրտ տալ -մխիթարել

Սիրտ մաշել -տանջել

Սիրտ խլել-սիրահարվել

Ոտքը խաղաղվել -երթևեկությունը դադարել

Ոտք կոխել -ոտք դնել

Ոտքից գլուխ-ամբողջ մարմինը

Ոտք ծեծել- հաճախ գնալ -գալ

Ոտքը ծանր -դանդաղաշարժ

Ձեռք մեկնել -օգնել

Ձեռք առնել- ծաղրել

Ձեռք ձեռքի տալ -համախմբվել

Ձեռքը ծուռ- գող

Ձեռքը թեթև-հաջողակ




Posted in Մայրենի 6-րդ դասարան

Ով ալարի, ոչ դալարի

Ամառային թեժ աշխատանիքի ժամանակ ով ինչպես կարողանում էր ձմեռվա պահուստ էր հավաքում, որովհետև ոչ ոք չգիտեր թե ինչ ձմեռ էր լինելու։ Մի մասը անտառներից հատապտուղներ էր հավաքում, իսկ մյուս մաս՝ը դաշտերից և սարերից տարբեր տեսակի կանաչեղեն էր հավաքում։ Մի շատ ալարկոտ կին ամբողջ ամառը ոչ մի բան չէր անում, իսկ ձմեռը հարևաններից էր խնդրում ամառվա բարիքները։ Մի տատիկ որոշեց դաս տալ նրան, երբ եկավ ձմեռը նա դատարկաձեռն ճանապարհ դրեց այդ կնոջը ասելով, որ ով ալարի, ոչ դալարի։ Ինչպես գիտենք ամռվա փուշը ձմեռվա նուշն է։

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Մաթեմատիկա

Պարապմունք 87.
Թեմա՝ Տասնորդական կոտորակների համեմատումը:


Դիտարկենք մի քանի դեպք:
Վերցնենք 32,831 և 17,625 տասնորդական կոտորակները։ Ուշադրություն դարձնենք նրանց ամբողջ մասերին՝ 32 և 17  քանի որ 32 >17  հետևաբար՝ 32, 831>17,625

Բերենք ուրիշ օրինակ`

Վերցնենք 165,32 և 168,06  թվերը, քանի որ 165 < 168 հետևաբար 165,32 <168,06:

Այժմ դիտարկենք այն դեպքը, երբ ամբողջ մասերը հավասար են, օրինակ՝
14, 25 և 14, 38


Նայում ենք ստորակետից հետո առաջին թվանշանին

/ տասնորդականների կարգին/, քանի որ 2<3
հետևաբար 14, 25< 14, 38:

Նայենք հաջորդ օրինակը՝ 14, 567 և 14, 59

այս օրիանկում ամբողջ մասերը հավասար են, անցնում ենք տասնորդականների կարգին՝  5=5, այս դեպքում անցնում ենք հարյուրերոդականնների կարգին՝ 6<9 հետևաբար՝ 
14, 567 < 14, 59:

Առաջադրանքներ գրքից՝

753.

ա) 1,20 և 3,51

բ) 0,230 և 0,123

գ) 0,60 և 3,02

դ) 7,12500 և 0,48007

ե) 6,23 և 7,50

զ) 8,20010 և 9,000007

754․

1,235 — հարյուրերոդական-2, տասնորդական-3, միավոր-5

1,27-տասնորդական -2, միավոր 7

3,51 — տասնորդական-5, միավոր-1

0,5 -միավոր-5

755․

6,35 >5,19

7,48 < 7,51

2,52 < 2,53

17,49 < 17,5

3,59 <7,1,

6,28<6,9

0,4<0,51

72,7<7,27

4,1234>4,1231

12,2399<12,39

2,780>2,078

3,205>3,325

7,205<7,250

4,290<4,205

12,4<12,41

15,129>15,1

6,92>6,9

1,2>1,999

72,39>7,239

0,48>0,4711

Posted in Մայրենի 6-րդ դասարան, Ընդհանուր

Հետաքրքիր հայոց լեզու

Տառերի մեջ թաքնված  ի՞նչ կենդանիներ եք տեսնում:  

1.Ախոյան-խոյ, աղմուկ-մուկ, կայծակ-այծ, հարկատու-կատու, սուլոց-ուլ, դեղձի-ձի, հավատարիմ-հավ, օրդուբադցի-բադ,  հաղարջենի-արջ,  օձիք-օձ,  ցրտաշունչ-շուն , ծովեզրյա-եզ,  վարորդ-որդ, ականջալուր-ուր, պայծառ-այծ, գուլպա-ուլ, արյունարբու-բու  

2. Պատասխանի տարբերակներից որի՞ ոսկին է զարդ պատրաստելու համար պիտանի:
 Ա. Թագավորի գանձարանում ընդամենը մի քանի ոսկի էր մնացել:
Բ. Ոսկի հասկերով դաշտը ծփում է:
Գ. Ոսկի մարդ է Սահակը:
 Դ. Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:
 Ե. Վաչագանը ոսկի երազներ էր տեսնում:

3ՙ Ամենաշատը քանի՞ դարձվածք կա բերված հատվածում:
 Մի ձմեռ սոված գայլը մոտեցավ գյուղին, որ իր գլխի ճարը տեսնի,  ոչխար գտնի և փորը խաբի, բայց ականջները սրած շները քնած չէին: Նա հազիվ գլուխն ազատեց: 

Մի մարդ վերջապես որոշեց գլխի ճարը տեսնել։

Աղջիկը որոշեց գլուխը ազատի իր ծանրաբեռնված աշխատանքից։

Երկու հոգի խոսում էին իսկ մյուսը ականջները սրած լսում էր։

Մի տղա որոշեց ուտելիք հայթհայթել որ փորը խաբի։

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին

Մի օր օգոստոսին Էլ Քոնդրաջը թափառում էր Վուլվորթի հանրախանութում, մի պեննի անգամ չունենալով գրպանում, երբ հանկարծ փոքրիկ մուրճ տեսավ, ոչ խաղալիք, այլ իսկական մուրճ, և դրան տիրանալու ուժեղ ցանկություն ունեցավ: Նա համոզված էր, որ դա հենց այն է, ինչ իրեն պետք է, ինչով կարելի է կոտրել միջօրինակությունը և դեռ մի բան էլ սարքել:
Նա բավականին լավ մեխեր էր հավաքել Ֆալիի փաթեթավորող ձեռնարկությունից, ուր արկղ պատրաստողները անփութորեն շաղ էին տվել ամենաքիչը տասնհինգ սենթ արժողությամբ այդ հիանալի մեխերը: Նա հաճույքով մեկիկ-մեկիկ հավաքել էր դրանք, համարելով, որ այդպիսի մեխերը նրա մոտ էին, երևի մի կես ֆունտ կլինեին, երկու հարյուրից ոչ պակաս, թղթի տոպրակի մեջ լցված, դրված խնձորի արկղում, ուր վաղուց արդեն նա պահում էր հնոտիքը:
Այժմ, տեսնելով տասը սենթանոց այդ մուրճը, նա մտածեց, որ կկարողանա մի բան սարքել արկղի փայտերից ու հավաքված մեխերից, չնայած ինքն էլ դեռ չգիտեր թե ինչ: Գուցե սեղանիկ կամ փոքրիկ նստարան:
Ինչևէ, նա վերցրեց մուրճն ու զգուշորեն սահեցրեց իր լայն շալվարի գրպանը, սակայն, այդ անելուն պես, մի մարդ ամուր բռնեց նրա թևն ու առանց մի բառ ասելու քարշ տվեց, մտցրեց մի փոքրիկ գրասենյակ:
Մի ուրիշ մարդ, տարիքով ավելի մեծ, գրասենյակի մոտ նստած աշխատում էր:
Երիտասարդը, որ բռնել էր նրան, հուզված էր, ճակատին քրտինք կար: -Ահա, ասաց նա, — մեկին էլ բռնեցինք:
Գրասեղանի մոտ նստածը ոտքի ելավ և վերից վար չափեց Էլ Քոնդրաջին:
-Ի՞նչ է թռցրել:
-Մուրճ, — երիտասարդը ատելությամբ նայեց Էլին: — Հապա մի այստեղ տուր, — ասաց նա:
Տղան գրպանից հանեց մուրճն ու պարզեց երիտասարդին, որն ասաց.
-Սրանով պիտի գլխիդ հասցնեի, այ թե ինչ պետք է անեի:
Նա դիմեց տարիքով մարդուն՝ խանութի տիրոջը և ասաց.
-Սրան ի՞նչ անեմ:
-Թող ինձ մոտ, — ասաց մարդը:
Երիտասարդը դուրս եկավ գրասենյակից, իսկ տարիքոտ մարդը կրկին նստեց գրասեղանի մոտ և շարունակեց աշխատել: Էլ Քոնդրաջը արդեն տասնհինգ րոպե կլիներ կանգնած էր գրասենյակում, երբ մարդը նորից նայեց նրա կողմը:
-Դե, — ասաց նա:
Էլը չգիտեր ինչ ասեր: Մարդը նրան չէր նայում: Նայում էր դռանը: Վերջապես Էլն ասաց.
-Ես չէի ուզում գողանալ, — պարզապես մուրճն ինձ պետք էր, իսկ ես փող չունեի:
-Այն, որ դու փող չունես, չի նշանակում, թե գողություն անելու իրավունք ունես, — ասաց նա: — Ճիշտ չէ՞:
-Այո, պարոն:
-Դե, ի՞նչ անեմ քեզ: Ոստիկանությա՞նը հանձնեմ:
Էլը ոչինչ չասաց, նա, իհարկե, չէր ուզում ոստիկանատուն ընկնել:
Նա ատում էր այդ մարդուն, բայց, միաժամանակ շատ լավ գիտակցում էր, որ մեկ ուրիշը անհամեմատ ավելի խիստ կվարվեր իր հետ:
-Եթե քեզ բաց թողնեմ, խոստանու՞մ ես, որ այլևս երբեք ոչինչ չես գողանա այս խանութից:
-Այո, պարոն:
-Լավ, — ասաց մարդը, — այ այսպես դուրս արի և մեկ էլ առանց փող ոտք չդնես այս խանութ:
Նա բացեց նախասենյակի դուռը, որտեղից կարելի էր ուղիղ նրբանցք դուրս գալ, և Էլ Քոնդրաջը արագ անցնելով, այդ սենյակով հայտնվեց մի նեղ փողոցում: Ծիծաղեց, երբ հասկացավ, որ ազատ է, սակայն զգում էր, որ իրեն ստորացրին և շատ էր ամաչում:
Նրան բնավ հատուկ չէր վերցնել բաներ, որ իրեն չեն պատկանում:
Նա ատում էր այն երիտասարդին, որի ձեռքն ընկավ, ատում էր խանութի տիրոջը, որ ստիպեց իրեն այդքան երկար ժամանակ լուռ կանգնել: Հատկապես տհաճ էր երիտասարդի ասածը, թե մեծ հաճույքով այդ մուրճով նրա գլխին կհասցներ: Ինքը պետք է քաջություն ունենար և կարողանար ուղիղ նրա աչքերի մեջ նայել ու հարցնել:
-Մենակ դու՞, թե՞ ուրիշներն էլ:
Իհարկե, նա գողացել էր այդ մուրճը, և նրան բռնել էին, սակայն իր կարծիքով, նրան այդպես չպետք է ստորացնեին: Երեք թաղամաս անցնելուց հետո, զգաց, որ դեռ չի ուզում տուն գնալ, շրջվեց և նորից քայլեց դեպի քաղաք: Նա գրեթե հավատում էր, որ ուզում է վերադառնալ այն նույն խանութ և մի երկու խոսք ասել այն երիտասարդին:
Սակայն վստահ չէր, թե մտքին մուրճ գողանալը չէ, միևնույն է, այնպես արեցին, որ նա հիմա իրեն իսկական գող է զգում, ուրեմն պետք է, որ գոնե մուրճը գողանա:
Դեռ խանութ չմտած, նա արդեն շփոթվել էր:
Փողոցում կանգնած մոտ տասը րոպե նայում էր խանութի ներսը:
Հետո, ընկճված ու մոլորված, ու հետն էլ դեռ ամոթահար, նախ, որ գողություն էր արել, հետո, որ իրեն բռնել էին ու ստորացրել, և, վերջապես, որ այնքան քաջություն չունեցավ վերադառնալու ուզածն անելու, նա նորից քայլեց դեպի տուն և այնքան հուզված էր, որ նույնիսկ չբարևեց իր բարեկամ Պիտ Վովչեկին, երբ նրանք դեմ դիմաց դուրս եկան երկաթեղենի խանութի մոտ:
Երբ տուն հասավ, ամոթից չկարողացավ ներս մտնել, ուստի գնաց ետնաբակ ու այնտեղ երկար, շատ երկար ջուր էր խմում ծորակից:
Այդ ջրի ծորակից օգտվում էր մայրը՝ ջրելու համար բանջարեղենն ու կանաչեղենը, որ տնկում էր ամեն տարի՝ փիփերթ, պղպեղ, պոմիդոր, վարունգ, սոխ, սխտոր, դաղձ, բադրիջան և մաղադանոս:
Մայրն այդ եղած – չեղածը կոչում է մաղադանոսի այգի և ամեն երեկո ամռանը տնից աթոռներ էր բերում, շարում էր սեղանի շուրջը, որ տասնհինգ սենթով նրա համար պատրաստել էր հարևան վարպետը, նստում էր սեղանի մոտ, վայելում այգու զովն ու իր տնկած ու խնամած բույսերի բուրմունքը:
Երբեմն սալաթ էր պատրաստում, թրջում հին երկրի բարակ թխած հացը, մի քիչ սպիտակ պանիր էր կտրում, և երկուսով ընթրում էին մաղադանոսի այգում:
Ընթրիքից հետո, նա ջրի ծորակին էր միացնում փողրակն ու ջրում էր մարգերը, և շուրջը ավելի էր զովանում, հիանալի բուրմունք էր տարածվում, թարմության, զովության ու կանաչի բուրմունք, բոլոր այդ բույսերը մի փոքրիկ կանաչ այգի էին կազմում՝ իր բույրով, իր օդ ու ջրով:
Նա ջուր խմեց և առանց շտապելու կերավ: Հետո տուն մտավ և իր հետ պատահածը պատմեց մորը:
Նա պատմեց նույնիսկ այն, թե ինչ էր ուզում անել, երբ իրեն բաց էին թողել: Վերադառնալ և կրկին գողանալ այդ մուրճը:
-Չեմ ուզում, որ գողություն անես, — ասաց մայրը:- Ահա քեզ տասը սենթ: Գնա այն մարդու մոտ, տուր փողը և տուն բեր մուրճը:
-Ոչ, — ասաց Էլ Քոնդրաջը, — ես քեզնից փող չեմ վերցնի մի բանի համար, որի կարիքը իրականում չունեմ: Ես պարզապես մտածեցի, որ վատ չի լինի մուրճ ունենամ և եթե տրամադրվեի, կարող էի մի բան սարքել: Ես շատ մեխ ունեմ, փայտի արկղ, բայց մուրճ չունեի:
-Գնա և գնիր այդ մուրճը, — ասաց մայրը:
-Ոչ, — ասաց Էլը:
-Լավ, — ասաց մայրը, — սուս:
Նա միշտ այդպես էր ասում, երբ չգիտեր՝ ուրիշ ինչ ասի:
Էլը դուրս եկավ և նստեց սանդուղքին: Ստորացման զգացմունքը գնալով սկսում էր ավելի ցավ պատճառել նրան: Նա որոշեց մի քիչ թափառել երկաթուղագծի երկայնությամբ դեպի Ֆոլիի ձեռնարկությունը, պատահածը հանգիստ չէր տալիս նրան, և նա պետք ուներ մտածելու այդ ամենի մասին: Ֆոլիի մոտ նա տեսավ Ջոնի Գեյլին, որը տասը րոպեում կարողանում էր արկղ սարքել, սակայն Ջոնին շատ էր զբաղված նրան նկատելու և խոսելու համար, թեև մի օր կիրակնօրյա դպրոցում, երկու կամ երեք տարի առաջ, Ջոնին բարևեց նրան և ասաց. “Ինչպե՞ս ես, տղա “: Ջոնին աշխատում էր արկղ պատրաստողի փոքրիկ կացնով և Ֆրեզնոյում բոլորն էին ասում, որ նա ամենաարագ արկղ սարքողն է ամբողջ քաղաքում: Նա աշխատում էր ոնց որ մեքենա, որի նմանը ոչ մի փաթեթավորող ձեռնարկություն երբեք չէր տեսել: Ինքը՝ Ֆոլին էլ շատ էր հպարտանում Ջոնի Գեյլով:
Ի վերջո Էլ Քոնդրաջը քայլեց դեպի տուն, քանի որ չէր ուզում Ջոնին խանգարած լինել:
Չէր ուզում, որ այդպես լարված աշխատող մարդը նկատի, թե նա ինչպես է հետևում իրեն և գուցե նույնիսկ ասի: “ Դե, արի մի մեխ խփի “: Նա չէր ուզում, որ Ջոնի Գեյլը նման մի բան անի: Նորից նվաստանալ չէր ուզում: Տան ճանապարհին նա փող էր փնտրում, սակայն, ինչպես միշտ, միայն ջարդված ապակու կտորտանք և ժանգոտ մեխեր էր գտնում, բաներ , որ ամեն ամառ պատռտում, արնոտում էին նրա բոբիկ ոտքերը:
Երբ տուն եկավ, մայրն արդեն սեղանը գցել էր ու սալաթ էր պատրաստել, նա նստեց սեղանի մոտ, ուտում էր անտարբեր, չէր էլ հասկանում, թե ինչ է ուտում:
Վեր կացավ և գնաց ներս, երեք սենյականոց իրենց տունը, իր սենյակի անկյունից հանեց խնձորի արկղն ու ստուգեց միջի եղածը:
Ամեն ինչ տեղում էր, ինչպես երեկ:
Թափառելով, նա կրկին վերադարձավ քաղաք, եկավ ու կանգնեց արդեն փակ խանութի առաջ, ատելով այն երիտասարդին, որն իրեն բռնել էր, հետո քայլեց դեպի ձիարշավարան ու նայեց այնտեղ ցուցադրված լուսանկարները:
Հետո քայլեց դեպի հանրային գրադարան, որ մի անգամ էլ աչք գցի գրքերին, բայց ոչինչ չհավանեց, մի քիչ էլ թափառեց քաղաքում և ութն անց կեսի մոտերքը գնաց տուն և անկողին մտավ:
Մայրն արդեն պառկած էր, քանի որ պետք է ժամը հինգին արթնանար և գնար թուզ փաթեթավորող ձեռնարկություն: Լինում էին օրեր, որ աշխատում էին ամբողջ օրը, պատահում էր և որ աշխատում էին օրվա միայն կեսը և այն, ինչ մայրը վաստակում էր ամռանը, ողջ տարվա համար էր: Այդ գիշեր նա շատ քիչ քնեց, չէր կարողանում ազատվել պատահածի ազդեցությունից և կատարվածն ուղղելու, վեց թե յոթ ձև էր մտածել: Նույնիսկ այն մտքին հասավ, թե պետք է սպանել իրեն բռնող երիտասարդին: Ու նաև, որ հետագայում պետք է ավելի ճարպկորեն, ավելի հաջող կերպով գողություն անել: Տոթ գիշեր էր, և նա չէր կարողանում քնել: Վերջապես մայրը վեր կացավ և ոտաբոբիկ գնաց խոհանոց ջուր խմելու, վերադառնալիս շատ մեղմ ասաց.
-Սուս մնա:
Երբ մայրն առավոտյան ժամը հինգին արթնացավ, տղան արդեն տանը չէր: Սակայն այդպես շատ էր պատահել: Նա շատ անհանգիստ տղա էր և ամռանը շարունակ թափառում էր: Սխալներ էր անում և ինքն էլ տակից դուրս գալիս, փորձել էր բան գողանալ, բռնվել էր և հիմա հանգիստը կորցրել էր: Մայրը մի բան կերավ, փաթաթեց իր կեսօրյա նախաճաշն ու դուրս եկավ տնից, հույսով, որ լրիվ օր կաշխատեն:
Աշխատեցին մի լրիվ օր, իսկ հետո էլ՝ արտաժամյա և չնայած ուտելիք արդեն չուներ, վճռեց, միևնույն է, աշխատել՝ լրացուցիչ փողի համար:
Մյուս փաթեթավորողներն էլ գրեթե բոլորը շարունակում էին աշխատել և իրենց դիմացի տանը ապրող հարևանուհին՝ Լիզա Ահբութը շատ մեղմ ասաց.
-Արի աշխատենք, մինչև գործը վերջանա, հետո տուն կգնանք միասին, միասին ընթրիք կպատրաստենք և կընթրենք քո մաղադանոսի այգում, կզովանանք:
Շոգ օր է, և հիմարություն կլինի լրացուցիչ մի հիսուն կամ վաթսուն սենթ չաշխատելը:
Երբ կանայք մտան այգի, համարյա ժամը ինն էր, սակայն դեռևս լույս էր, և մայրը տեսավ, որ տղան մուրճը ձեռքին ինչ-որ բան է սարքում, իրար մխելով փայտի կտորները: Սարքածը պիտի որ նստարան լիներ:
Նա արդեն այգին ջրել էր, կարգի էր բերել բակի մնացած մասը, և շուրջը հաճելի էր, իսկ տղան էլ շատ լուրջ ու զբաղված տեսք ուներ:
Մայրը և Լիզան միանգամից գործի անցան. Քաղեցին պղպեղ, պոմիդոր, վարունգ և բավականին շատ մաղադանոս սալաթի համար:
Հետո Լիզան գնաց իր տնից մի քիչ հաց բերի, որ թխել էր անցյալ գիշեր և մի քիչ էլ սպիտակ պանիր. Մի քանի րոպեից արդեն միասին ընթրում էին, ուրախ խոսելով իրենց հաջող օրվա մասին:
Ընթրիքից հետո բակում թուրքական սուրճ պատրաստեցին կրակի վրա:
Խմեցին սուրճն ու մեկական սիգարեթ ծխեցին, պատմում էին միմյանց իրենց կյանքից, հին երկրում ու Ֆրեզնոյում ապրած օրերից, հետո էլ սկսեցին իրենց բաժակները նայել՝ տեսնել, թե առջևում ինչ հաջողություն կա, ու երկուսի տեսածն էլ մեկ էր. Առողջություն, աշխատանք, բացօթյա ընթրիք ամռան օրերին և փող՝ տարվա մնացած ամիսների համար:
Էլ Քոնդրաջը աշխատում էր և ակամա լսում որոշ բաներ նրանց ասածներից, հետո Լիզան տուն գնաց քնելու, և մայրն ասաց.
-Որտեղի՞ց քեզ այդ մուրճը, Էլ:
-Խանութից:
-Ինչպե՞ս ես վերցրել: Գողացե՞լ ես:
-Էլ Քոնդրաջը գործը վերջացրեց ու նստեց իր սարքած նստարանին:
-Ոչ, — ասաց նա, — չեմ գողացել:
-Ուրեմն, որտեղի՞ց:
-Աշխատեցի խանութում դրա դիմաց, — ասաց Էլը:
-Այն խանութում, որտեղից երեկ գողացել էիր:
-Այո:
-Քեզ ո՞վ գործ տվեց:
-Խանութի տերը:
-Ի՞նչ էիր անում:
-Տարբեր վաճառասեղաններին տարբեր բաներ էի տանում:
-Դե ինչ, լավ է, — ասաց կինը:- Ինչքա՞ն ժամանակ աշխատեցիր այդ փոքրիկ մուրճի համար:
-Ամբողջ օրը, — ասաց Էլը: — Պարոն Բլեմմերը մուրճն ինձ տվեց մի ժամ աշխատելուց հետո, բայց էլի շարունակեցի աշխատել: Տղան, որ երեկ ինձ բռնել էր, ցույց էր տալիս, թե ինչ անեմ, մենք միասին էինք աշխատում: Չէինք խոսում իրար հետ, բայց օրվա վերջում նա տարավ ինձ պարոն Բլեմմերի սենյակ և ասաց նրան, որ ես ամբողջ օրն աշխատել եմ, և ինձ պետք է վճարել առնվազն մի դոլար:
-Լավ է, ասաց կինը:
-Եվ պարոն Բլեմմերը մի արծաթյա դոլար դրեց իր սեղանին ինձ համար, իսկ հետո, տղան, որը երեկ ինձ բռնել էր, ասաց նրան, որ խանութը այսպիսի տղայի կարիք ունի օրը մի դոլար վարձով, և պարոն Բլեմմերն ասաց, որ ես կարող եմ աշխատել:
-Շատ լավ է, — ասաց կինը, — կարող ես ինքդ քեզ համար մի քիչ փող աշխատել:
-Ես թողեցի այն դոլարը պարոն Բլեմմերի սեղանին, — ասաց Էլ Քոնդրաջը, — և երկուսին էլ ասացի, որ չեմ ուզում աշխատել:
-Ինչո՞ւ այդպես արեցիր, — ասաց կինը:- Տասնմեկ տարեկան տղայի համար օրը մի դոլար վատ չէ: Ինչո՞ւ չհամաձայնվեցիր:
-Որովհետև երկուսին էլ ատում եմ, — ասաց տղան:- Երբեք չեմ աշխատի այդպիսի մարդկանց հետ: Ես միայն նայեցի նրանց, վերցրի մուրճս ու դուրս եկա: Եկա տուն ու սարքեցի այս նստարանը:
-Լավ, — ասաց մայրը: — Սուս:
Մայրը տուն եկավ ու պառկեց քնելու, իսկ Էլ Քոնդրաջը նստել էր իր սարքած նստարանին, շնչում էր մաղադանոսի այգու բուրմունքն ու այլևս իրեն նվաստացած չէր զգում:
Բայց միևնույն է, նա հիմա էլ ատում էր այն երկու տղամարդկանց, թեև գիտեր, որ նրանք չէին արել այնպիսի մի բան, որ չպիտի անեին:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
  -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
  -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
  -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
  -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
  -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
   — Ոչ, ես առա:
  — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
  -Տասը դոլար:
  -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
  -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
  -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
  -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
  Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
  Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
  Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
 Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
  Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
  Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
  Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
  Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
  -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
  Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
  Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
  Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
  Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
  -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: 
  -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
  Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
  -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
  -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
  -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
  -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
  -Դիր,- ասաց:
  Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
  Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
  Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
  Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
  Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
 Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ներկայացրու պատմվածքի հերոսին, բնութագրիր, նրան:
2. Դու և՞ս կարծում ես, որ Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը:
3. «Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի»: Ի՞նչ էր հասկացել մայրը:
4. Հիշու՞մ եք այնպիսի մի երաժշտություն, որ կախարդիչ ազդեցություն թողած լինի ձեզ վրա:
 

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Մակբայներ

Մակբայներ կոչվում են այն բառերը, որոնք ցույց  են  տալիս գործողության կատարման տեղը, ժամանակը, ձևը և չափը:

Մակբայները դրվում են բայի կողքին և որպես կանոն չեն հոլովվում:

Տեղի մակբայ: – Տեղի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման տեղը: Հայերենի տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հադիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:

Ժամանակի մակբայ: –  Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը: Դրանք են՝ հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:

Ձևի մակբայ: – Ձևի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման ձևը: Դրանք են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:

Չափ ու քանակի մակբայ: – Ցույց է տալիս գործողության կատարման չափը ու քանակը: Դրանք են՝ շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:

Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այսուհետև  չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց   իջած կլինեի իմ գահից, եթե արդեն կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ իվեր հուզել է իմ հոգին: Եվ այժմ ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա վերջապես կստանա իմ թագը և ցմահ կկառավարի իմ ժողովրդին:

Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և անմիջապես (իսկույն) մարեց:
2. Մայրը սովորություն ուներ հաճախակի  (շուտ-շուտ) մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ ընդմիշտ (այժմ   բոլորովին)  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  մշտապես (հավիտյան)  մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները քիչ-քիչ (հետզհետե) սպառնալիքի ձև էին ընդունում:
6. (Շարունակ)    անըդհատ բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը (համարյա)գրեթե ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օրեցոր (օր օրի) ավելի էր  վատանում:

Տանը

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։
 1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Նա հերոսաբար ընկավ մարտում։

Ես մասամբ տիրապետում եմ ռուսերենին։

Նրա բարի մտադրությունները փոքր-ինչ կասկածելի են։

Ամենուրեք տիրում է բարձր տրամադրություն։

Երկրի զինված ուժերը լիովին տիրապետում են ստեղծված իրավիճակին։

Յուրաքանչյուր շարքում ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

Յուրաքանչյուր շարքում  ընդգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, վաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Յուրաքանչյուր շարքում ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Յուրաքանչյուր շարքում ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար:

Դասարանական

Մակբայակերտ ածանցներ
Մակբայակերտ ածանցներն են`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի-հոգեպես
դիվանագետ-դիվանագիտորեն
ընկեր-ընկերովին
գազան-գազանաբար
խումբ-խմբովի
եղբայր-եղբայրաբար
վերջ-վերջապես
ազգ-ազգովին
նյութ-նյութապես
գլուխ-գլխովին
բարեկամ-բարեկամաբար

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն-պայքարել
օրեցօր-հարստանալ
տարեցտարի-ավելանալ
խորապես-գիտակցել
մեն-մենակ-ճամբհորդել
կուզեկուզ-քայլել
հավիտյան-սիրոլ
բարոյապես-լքվել
հայրաբար-հոգ տանել
լռելյայն-լացել
բերնեբերան-անցնել
խումբ- խումբ-արտասանել
արագ-արագ-վազել
վերջիվերջո-պատասխանել
հոտնկայս-ծափահարել
ներքուստ-տառապել
նյութապես-օգնել

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկորեն
խոլ—խոլաբար
դաժան—դաժանաբար
էական—էականորեն
խոնարհ—խոնարհաբար
թեթև—թեթևակի
մեղմ—մեղմորեն
խիզախ—խիզախաբար
քաջ— քաջաբար
բարեխիղճ-բարեխղճորեն

Տանը

Փակագծերում տրված մակբայներից գրել ճիշտ  տարբերակը։

  1. Ես քեզ առնվազն (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։
  2. Բոլորը հոտնկայս (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։
  3. Ցերեկը ես մեծամասամբ (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։
  4. Մենք նրան ազգովին (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։
  5. Մրցույթի արդյունքներն առայժմ (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
  6. Մեր փողոցի նոր գետնանցումը արդեն (արդեն, այլևս) գործում է։

 Շարքում ընդգծի՛ր տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները։

Ամենուրընդառաջայսօր,  դռնեդուռ, վաղ, հեռու, մեջտեղ, ուշ, այլուր, վեր, այժմ,  դանդաղ,  առհավետ, դեռևս, բազմիցս, ժամ առ ժամ, արագ, ներքուստ,  ավել, եռակի, երիցս, ամբողջովին։

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց, բանաստեղծություններ

Ինչ որ լավ է
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչքան աշխարհ սիրես
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


Posted in Մայրենի 6-րդ դասարան

Ռեգինա Ղազարյան <>

IMG_1518

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ  վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան

Չարենցի հետ ծանոթացել եմ 1930  թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի և, ավարտած լինելով յոթնամյա  դպրոցը, լիովին նվիրվել էի հեծանվային սպորտին ու պատրաստվում էի մասնակցել առաջիկա մրցություններին: Միաժամանակ գրում էի ոտանավորներ և երբեմն ցույց տալիս արդեն ճանաչված գրողների` այդպիսով ձեռք բերելով նրանց ծանոթությունը:
Հենց այդ ամռան մի գեղեցիկ օր, հեծանվային մարզումներից հոգնած` մտա «Ինտուրիստ» (այժմ` «Երևան») հյուրանոցի զով սրահը`փոքր-ինչ հանգստանալու, ուր և հանդիպեցի մի շարք ծանոթ գրողների, այդ թվում` բանաստեղծ Գուրգեն Մահարուն:
Չանցած մի քանի րոպե` նկատեցի հյուրանոցի երկրորդ հարկից իջնող ձեռնափայտը ձեռքին մի փոքրամարմին մարդու: Իմ բոլոր զրուցակիցները մեկեն շրջապատեցին ինձ անծանոթ, բայց հասկանալի ուժով իմ ուշադրությունն իր վրա գամած մարդուն և աշխույժ զրույցի բռնվեցին նրա հետ:
Մեկ առ մեկ բոլորին շտապ հայացքով աչքի անցկացնելուց հետո նա հարցրեց, թե ո՞վ է այս սպորտսմեն փոքրիկը` զննելով ինձ ոտքից գլուխ: Չգիտեմ` ինչով արժանացա նրա համակրանքին. արդյոք հեծանվավազքի համար հատուկ պատվիրած գոլֆ համազգե՞ստս կամ սպորտային կեցվա՞ծքս դուր եկավ նրան, բայց նա հանդիսավոր վեր բարձրացրեց ձեռքը և առանձնահատուկ շեշտով գոչեց. « Էֆֆերի~մ»:
Այդ ժամանակ Գուրգեն Մահարին  բռնելով ձեռքս առաջ տարավ և ներկայացրեց ինձ` նուրբ խոսքերով շոյելով մանուկ ինքնասիրությունս: Միայն ՉԱՐԵՆՑ բառը լսելուց հետո զգացի, թե ինչ մեծ բախտ է վիճակվել ինձ ԱՆՁՆԱՊԵՍ ծանոթ լինելու այն մարդուն, որի մասին արդեն շատ անգամ էի լսել թե′ դպրոցում և թե′ հարազատներիս միջավայրում:


Բախտի բերմամբ ես գրավեցի Չարենցի ուշադրությունը, և նա մեծ հետաքրքրությամբ սկսեց հարց ու փորձ անել զբաղմունքիս բնույթի, ծնողներիս, մտադրություններիս, նույնիսկ հեծանվիս մասին:
Նրան անչափ հետաքրքրեց, որ ծնողներս եղել են գիտական մտավորականության այն ներկայացուցիչներից, որոնք արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել են հայրենիք և իրենց գիտելիքները ի սպաս դրել հայ ժողովրդին:
Չարենցի պահանջով հաջորդ օրը իր տուն տարա ծնողներիս լուսանկարը. երկար նայելուց հետո ասաց, որ այն կմնա իր մոտ և դրեց իր գրասեղանի արկղը: Այդ օրն էլ տոհմածառի շուրջ վարած զրույցի ժամանակ ուշադիր լսելով տատիս` Շամիրամ Խորասանյանի հետ կապված դրվագը, Չարենցը պոռթկուն ուրախություն ապրեց` ռուսական արքունիքում հայկական տարազի տարած հաղթանակի համար, բանն այն էր, որ ազգային համազգեստով ողջ Եվրոպան շրջած Շամիրամ տատս, անհրաժեշտության մղումով, ցարական բանակում ծառայող սեփական որդու (իմ մորեղբոր)  հետագա բախտի տնօրինման հետ կապված որոշ կնճռոտ հարցեր պարզելու համար, ստիպված է լինում անհապաղ, սոսկ թարգմանիչների ուղեկցությամբ մեկնել Պետերբուրգ  և  որոշ ջանքեր թափելուց հետո արժանանալ  Նիկոլայ Երկրորդի մոր` կայսրուհի  Մարիա Ֆեոդորովնայի ընդունելությանը:  Թագավորական պալատում ընդունելության ժամանակ, երբ հերթը հասնում է տատիս, կայսրուհին ուշադիր դիտելով նրա յուրահատուկ զգեստը և հարցման եղանակով ճշգրտելով հագուստի ազգային ծագումը, ընդհուպ մոտենում և շոշափում է այն:
Տատս անմիջապես խնդրում է թարգմանիչներին` հաղորդել կայսրուհուն, որ նա կստանա իր հավանած տարազը` որպես նվեր:
Իրեն ուղեկցողների փութաջանությամբ իմանալով թագուհու չափսը և իր`  այդ այցի դրական արդյունքից գերերջանիկ վերադառնալով Երևան, նա հատուկ սուրհանդակով, որպես նվեր, կայսրուհուն է ուղարկում իր խոստացած հայկական մեծատոհմիկ շքեղաշուք համազգեստը` ճակատակալի վրա ամրացրած երկու խոշոր ադամանդյա քորոց:
Շարունակելով սրահում նախորդ օրվա հանդիպման ժամանակ սկսած զրույցը, կասեմ միայն, որ Չարենցը այդ օրվա խոսակցության ողջ ընթացքում այնքան էլ չխրախուսելով Ռեգինա ` իմ ոչ այնքան խրոխտ անունը, իր մեծ ու խորունկ աչքերով ինձ մի շտապ շեղ հայացքով նայելուց հետո բոլորի մոտ հայտարարեց, որ ինքը այսուհետ ինձ Ռոլան է կոչելու, և որ ես իր փոքր ու մտերիմ բարեկամը լինեմ;
Այդպես էլ եղավ: Նրա` այդ կտրուկ կողմնորոշումը լիովին իրականություն դարձավ և որոշ ընդմիջումով շարունակվեց ընդհուպ մինչև նրա ողբերգական վախճանը:
Սրահի մեր այդ խոսակցությունից անմիջապես հետո Չարենցը մեծ աշխուժով բոլորին, այդ թվում ինձ, հրավիրեց իր սենյակը` սուրճ խմելու (նա ապրում էր հյուրանոցի երկրորդ հարկում):
Անսահման էր նրա բնակարանում լինելու իմ ուրախությունը: Այսօրվա պես հիշում եմ. պատից կախված ճապոնական մեծաճաշակ ոսկեզօծ պաննոյի կողքին, պատվանդանների և պահարանների վրա դրված էին եգիպտական և հնդկական արձաններ ու  արձանիկներ. պատերին կախված կային մի շարք նկարներ, որոնցից տպավորվել են Դանթեի կիսադեմ նկարը և իր հանգուցյալ սիրելի կնոջ` Արփենիկի դիմանկարը:
Հիշողությանս մեջ առանձնապես մնացել է Լենինի փոքրիկ գունավոր դիմանկարը, որը առանձին խնամքով կախված էր գրասեղանի մոտ` անմիջապես իր կողքին:
Նրան շրջապատող իրերը, որոնց մեծ մասը գրքեր էին` տեղավորված պատերի երկայնքով ու բարձրությամբ, պերճախոս վկաներն էին նրա անզուգական ու նրբագեղ ճաշակի:
Ես ուղղակի շլացած էի այդ ամենով, ինչ առաջին անգամ էի տեսնում այդտեղ:
Հապա ի~նքը` Չարե~նցը…
Երբեք չեմ մոռանա իմ կյանքի այդ նշանավոր օրը, երբ նա, հյուրանոցի ճաշարանի մատուցողին սուրճ և մրգեր պատվիրելուց հետո, արևելյան ճաշակով տնային մի երկար ու լայն վերնազգեստ գցեց վրան (նախապես հանելով վերնաշապիկը), ծալապատիկ նստեց իր սիրած փափուկ թախտին ու թազբեհը խաղացնելով ձեռքերում ` սկսեց մեծ ոգևորությամբ զրուցել:
Աստվա~ծ իմ, այդպիսի ձեռքեր…
Ձեռքերի ափերը նուրբ վարդագույն էին ու ձեռքի երեսից եզրագծված կարծես քանոնով:
Մատները երկար էին ու ծայրերին ունեին թեթև բարձիկներ: Ձեռքերը նուրբ էին, բայց առնական, մի հազվադեպ գեղեցկություն. յուրաքանչյուր հռչակավոր դաշնակահար, կարծում եմ, կերազեր ունենալ Չարենցի ձեռքերը:
Հուշագրական ժամանակագրության որոշակի խախտումով ասեմ, որ Չարենցը հետագայում ինձ  երբեմն հարցրել է, թե արդյոք տգե՞ղ է ինքը: Կար միայն մեկ պատասխան, որ ինքը գեղեցիկ է. և դա ասում էի խորը համոզումով: Եվ, իրոք, չնայած փոքր հասակին, Չարենցը ուներ շատ համաչափ կազմվածք և իր ներքինն ամփոփող արտահայտիչ ու ազնվաշուք կեցվածք: Հապա աչքե~րը… խոսելիս լիներ, թե պարզապես նայելիս, նա կարողանում էր դիմացինին գերել, ենթարկել իրեն:
Դժբախտաբար, ես ամենևին չեմ հիշում, թե ինչի մասին էր այդ առաջին օրվա զրույցը, այն աստիճան թովված էի նրանով, այդ նյութական, շոշափելի մոտիկությունից և թարմ, առաջին անգամ ինձ ներկայացող տպավորություններից: Որոշակի հիշում եմ միայն, որ ժխորի հասնող աշխուժություն էր սենյակում, իսկ ամենից աղմկոտը` ինքը տան տերը:
Այդ օրվանից Չարենցը դարձավ իմ կուռքը, իմ անկաշառ պաշտամունքը, և, մոռանալով ամեն ինչ ու ամենքին, օր չէր անցնում, որ չայցելեի, նրա ուղեկիցը չլինեի տարբեր հրավերների և զբոսաշրջումների ժամանակ:
Ինչպես ասացի,  ես այդ ամառ պատրաստվում էի մասնակցել հեծանվային մրցույթների և հաճախ էի մարզվում, բայց չունենալով սեփական հեծանիվ, վերցնում էի ապառիկ:
Չարենցը խրախուսում էր սպորտն առահասարակ, իսկ իմ ընտրած սպորտի այդ ձևը` մասնավորապես: Մի օր, մարզումներից հետո եկա Չարենցի մոտ` հաղորդելու իմ հաջողությունները, նա մեծ հանդիսավորությամբ նստեց թախտին և ասաց, որ մոտենամ սենյակի  անկյունում կախված վարագույրին  և բարձրացնեմ այն տեսնելու, թե ինչ է սպասվում ինձ: Չհասկանալով  այդ հանդիսավորության պատճառը, մի քիչ էլ վախով, մոտեցա  և, երբ բացեցի վարագույրը, աչքերիս չհավատացի. Պատին հենված էր գերմանական «Դուքս» մակնիշի մի չքնաղ վազքահեծանիվ` կարմիր ու դեղին ձողիկներով:  Ապշահար`  նայեցի Չարենցի կողմը և տեսա այնպիսի մի գոհունակ ժպիտ, որից ուղղակի պապանձվեցի: Որտեղի՞ց էր կարողացել կամ ու՞մ էր հանձնարարել նա կարճ ժամանակամիջոցում ձեռք բերելու այդ հրաշքը: Իրոք որ հրաշք` այն  ժամանակվա Երևանում: Ինչ խոսք, ես անչափ երջանիկ էի այդ անակնկալ ու շքեղ նվերի համար, որը ծառայեց  ինձ այնուհետև իմ մոսկովյան ուսումնառության բոլոր տարիներին:
Իսկ այստեղ, հարազատ Երևանում …ես մեծ հպարտությամբ վարում էի հեծանիվը հիմնականում Աբովյան փողոցում և հաճախ, երբ, ձեռքերս վարպետորեն վերցրած ղեկից` մոտենում էի Աբովյան և այժմյան Թումանյան փողոցների խաչմերուկին, որի անկյունում  մի հին, երկհարկանի տան երկրորդ հարկում ապրում էր Արուս Ոսկանյանը և հաճախ կռթնած լուսամուտին` նայում փողոցի անցուդարձին,- լսում էի նրա սրտաբուխ «Բրավոն», որից և ոգևորված նորից էի բարձրանում Աբովյանով, նորից իջնում, որ դարձյալ արժանանամ բաղձալի խրախուսանքին: Ապա շտապում էի Չարենցի մոտ հաղորդելու, որ Արուս Ոսկանյանից  ստացել եմ խրախուսական «Բրավո»:
Չարենցը ժպտում էր և ասում. «Արուսը բարձրաճաշակ կին է և սիրում է Պիկանտ բաներ»:
Երանելի ու անմոռաց է ինձ համար այդ ամառը:
Նույն այդ ամռանը Չարենցը հաճախ էր լինում «Տուրիստ» սրճարանում, որը տեղավորված էր Ազիզբեկովի (այժմ Ա. Սախարովի անունը կրող) հրապարակի վրա գտնվող շենքի բակում. ծաղկանոցներով շրջապատված սեղաններն իրենց զովասուն դիրքով խիստ տրամադրող էին:
Չարենցի սեղանը (այդպես էլ կոչվում էրՙՙ «Չարենցի սեղան», և այն երբեք չէր զբաղեցվում) գտնվում էր բակի խորքում` ծածկի տակ: Եվ շատ հաճախ, երբ Չարենցը երեկոյան պահերին ձեռնափայտը ձեռքին մտնում էր բակ և ուղղվում դեպի իր սեղանը, անմիջապես, կարծես մագնիսական ուժով, հայտնվում և դեպի այդ կողմն էին շարժվում ժամանակի նշանավոր մարդիկ` գրողներ, նկարիչներ, դերասաններ. և, երբ տեղ չէր լինում սեղանի շուրջը, կողքի սեղաններն էին միացվում. ու ծայր էր առնում մի հետաքրքիր ու աշխույժ զրույց գրականության, արվեստի ու բոլորին հետաքրքրող բազում այլ հարցերի շուրջ:
Այդպիսին էր Չարենցը: Նրա հետ ամեն վայրկյանը իմաստավորվում ու լցվում էր անասելի հրապույրով: Նա հեշտությամբ շրջապատի մարդկանց կարողանում էր վարակել իր կենսասիրությամբ, անծայր եռանդով ու խինդով:

…Բայց անսահման էր նաև նրա անսփոփ թախիծը, և նա ահավոր էր այդ պահերին: Տարօրինակ էր. այդ մեծ մարդն իր անխառն լավատեսությամբ անասելի վախենում էր մահից. սոսկ այդ բառը երբեմն կերպարանափոխում էր նրան, իսկ երբ հուզվում էր, կարող էր երեխայի պես հեկեկալ, և մեծ ջանքեր էին պահանջվում նրան հանգստացնելու համար: Սրտամոտ նյութի մասին խոսելիս`հայ ժողովրդի դառն անցյալն ու թանկագին կորուստները, սիրելի կնոջ`Արփենիկի մահը և այլն, նա երբեմն հոգեցունց ապրումներ էր   ունենում`հասնելով անգամ հիստերիկ լացի, ապա հետզհետե հանգստանալով, համակվում էր խոր թախիծով:
Այդ պահերին, անշարժ նստած, մտասույզ, աչքը մի կետի հառած`հաճախ ինձ ստիպում էր որևէ բան կարդալ կամ պատմել, միևնույն էրՙՙ  ինչ, միայն թե կենսական որևէ ձայնով խախտվեր նրա բորբոք երևակայությամբ վերակենդանացած մղձավանջը: Հաճախ անկարող, բացահայտ խոստովանում էի, որ դժվարանում եմ նրան հետաքրքրող որևէ բան հիշել, բայց նա զայրանում էր և ստիպում, որ անպայման խոսեմ, պատմեմ` թեկուզ որևէ անհեթեթություն: Եվ երբ հնազանդվելով սկսում էի որևէ բան`շուտով զգում էի, որ իմ պատմելու ընթացքում նա վաղուց արդեն ինձ չի լսում և կլանված է իր մտքերով: Ավելի հավասարակշիռ պահերին նա սիրում էր թախտի վրա ծալապատիկ նստած խորհել`թազբեհը ձեռքին, իսկ երբեմն էլ հենց այդ նույն տեղում ստեղծագործել, մանավանդ եթե փոքր-ինչ տկար էր զգում իրեն: Գրելու պահերին նրա մոտ միշտ դրված էին լինում անբաժան ծխամորճը և որևէ ոգելից խմիչք, հիմնականում կոնյակ, որ նա օգտագործում էր փոքրիկ ումպերով`հաճախ կրկնելով, թե ինքը գիտե իր չափը:
Ցավոք, երբեմն աննկատ անցնում էր նա իր այդ չափը, և այդօրինակ պահերին նրա ոգու ծառս եղած խենթ անհանգստությունը ելք որոնելով ընդունում էր հաճախ կողմնակի աչքի համար անհասկանալի կամ դժվար հասկանալի ձևեր:
Մի օր նա ինձ իր հետ հյուր տարավ գուսան Սերոբի տուն: Ամառային շոգ օր էր, գնալու տեղը`բավականին հեռու, որի պատճառով և կառք պատվիրեց, հարմարավետ տեղավորվեց նրա մեջ և ամբողջ ճանապարհին անասելի ոգևորված տարբեր սրախոսություններ  էր ուղղում կառապանին, հաճախ էլ`որևէ ծանոթի հանդիպելիս`կանգնեցնում կառքը: Տեղ հասնելուն պես նա նույն կառապանին պատվիրեց երեկոյան գալ երկու կառքով ու զուռնաչիներով`իրեն ետ տանելու:
Գուսան Սերոբի տանը պատրաստված էր մեծ ու ճոխ հյուրասիրություն: Դեռ նոր էինք հասցրել կառքից իջնել, Չարենցը շտապ վազեց օջախի մոտ և հետաքրքրվեց, թե ինչ ճաշ է պատրաստել տանտիկինը: Իմանալով, որ իրեն իշխան ձուկ և թփով դոլմա է սպասում, հավանություն տվեց և երեխայի պես ցատկոտելով վազեց սենյակ, բարձրացավ սեղանի մոտ մոտ դրված թախտին և, ծալապատիկ նստելով, սկսեց աղմկել, որ շուտ անեն, այլապես ինքը անոթի կմեռնի:
Ես չէի ասի, որ նա իր այդ անհամբեր պահանջներից հետո գոնե չափավոր ուտեր. նրա գոռում-գոչյունը, անհամբերության բոլոր ցույցերը շատ ավելի էին, քան`կերած բաժինը: Լինելով քչակեր, այնուամենայնիվ ախորժակով ծաղկաքաղ էր անում տարբեր խորտիկներից`այստեղ ևս հանդես բերելով մեծ քմահաճություն և շեշտված ճաշակ: Սեղանի շուրջը, մեծ գովեստով արտահայտվելով հայկական ճաշերի մասին, Չարենցն ասաց, որ ինքը, թեև շատ  երկրներում է եղել, շատ է ճամփորդել ու ճաշակելիքը հարստացրել տարբեր համեմունքներով, բայց հայկական ճաշերի համն ու հոտը ոչ մի տեղ չի զգացել:
Նրա անասելի առավելություններից էր և այն, որ ամեն միջավայրում կարողանում էր ստեղծել բոլորի համար հետաքրքիր մթնոլորտ և վարում էր նրանց հասկանալի, նրանց կողմից ընկալվող զրույց:
Չարենցի մոտ էին գալիս աշխատավոր մարդկանց տարբեր խավերի ներկայացուցիչների հոծ խմբեր: Հակառակ իր մեծազբաղ առօրյային, նա երբեք չեր մերժում և սիրով ընդունում էր իրեն տեսնել ցանկացող, իր ընդունելությունը խնդրող բոլորին, այդ թվում և սկսնակ գրողների, և սիրող գուսանների, և գրականագիտական ու այլ սկզբունքային հարցերի մեջ պատասխաններ որոնող հետաքրքրասերների: Որքան էր ուրախանում, երբ շարքային երիտասարդ բանվորի մեջ հայտնաբերում էր պոետական շնորհքի թեկուզ մի նշույլ, և տալով նրան գործնական օգտակար խորհուրդներ, հաճախ նաև նյութական օգնություն`նշանակում էր հանդիպման օր ու խրախուսելով ճանապարհում:
Զարմանալի էր այդ մեծ մարդը. բնությունը այդ ինչ առեղծվածային սիրտ էր դրել նրա նուրբ ու նեղ կրծքավանդակում:
Նա անմնացորդ էր տրվում աշխատավոր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչին և ամենամեծ սիրով էլ համաձայնվում նրանց մոտ հյուր լինել `չվիրավորելով որևէ մեկին «մեծ» մարդու մերժումով:
Այդ օրվա հյուրասիրության ժամանակ Չարենցը հարկ եղածից ավել «տուրք տվեց» հայկական անարատ գինուն, և երբ երեկոյան իր պատվիրած կառքերը զուռնաչիների հետ մեկտեղ կանգնեցին դռան մոտ, նա գինովցած էր ըստ ամենայնի: Մինչև հյուրանոց հասնելը ամբողջ ճանապարհին ահալից ու խզված ձայնով գոռում-գոչում էր` համեմելով այդ ամենը «ընտիր» բառերով, որ մյուս կառքի մեջ նստած զուռնաչիները չդադարեցնեն նվագը`նրա սիրած ինչ-որ մեղեդի, որը քրտնաթոր ու շնչասպառ երաժիշտները նվագում էին Շիլաչի մահլից (ուր ապրում էր գուսան Սերոբը) մինչև «Ինտուրիստ» հյուրանոցը`մի շնչով, անընդմեջ:
Տեղ հասնելուն պես, չափից ավելի գինով, նա չմոռացավ, սակայն, կառապաններին ու զուռնաչիներին վճարել: Մեծ ճիգեր գործադրելով գրպանների տեղը գտնելու, վերջապես ինձ ասաց, որ ես հանեմ փողը իր գրպանից: Եվ երբ ես մի բուռ թղթադրամ հանելով (հիմնականում ռուբլիանոցներ) հարցրեցի`թե որքան վճարեմ` ավելի քան համոզված, որ 2 կամ 3 ռուբլին լիուլի բավարար կլինի և նույնիսկ կդիտվի որպես շռայլություն, — Չարենցն ասաց. «Ինչքան բռիդ մեջ կա, բոլորը տուր»: Ես նույնությամբ կատարեցի նրա ասածը: Եվ երբ Չարենցի հետ արդեն մտել էինք հյուրանոցի նախասրահը և բարձրանում էինք աստիճաններով երկրորդ հարկ, անսպասելիորեն ներքևից հնչեց ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցած մեղեդին`այս անգամ առավել ուժգին ու զիլ, որով և մեր ետևից ինքնակամ նախասրահ մտած երաժիշտները, հավանաբար, իրենց շնորհակալությունն էին հայտնում Չարենցին`նրա շռայլ վարձատրության համար:
Ի վերջո,  հասանք: Իր սենյակը մտնելուն պես Չարենցը ուժասպառ մեկնվեց դռան շեմին, գորգի վրա, և սկսեց իր արտառոց պահանջմունքները. այսպես օրինակ, նա պահանջում էր, որ ես մի երկաթի կտոր բերեմ (ի դեպ այդ երկաթե ռելսի կտորը գոյություն ուներ և ծառայում էր որպես պատշգամբի դռան հենարան) իր գանգը ջարդուփշուր անելու համար: Երկար դիմադրելուց հետո, երբ ես ստիպված էի հուսահատ զայրույթով քարշ տալով բերել պահանջված երկաթը, ինձ համար անհասկանալի արագությամբ նա սթափվեց և ժպտադեմ ասաց. «Լավ, Ռոլան ջան, ապրես, որ այդքան համարձակն ես»:
Գերլեցուն մտքի թափի կասեցում, անօրինակ ինքնատիրապետում, մարդու և մարդկայինի ներդաշնակ ամբողջության մարմնացում, — ահա այն գծերը, որ շողարձակում են ավելի քան 50 տարիների խորքից:
Սակայն միայն այդ չէ, որ մնացել է իմ հիշողության մեջ` իր ամբողջ որոշակիությամբ:
Անմոռանալի են այն րոպեները, երբ նա ազատ պահերին երբեմն զրուցում էր ինձ հետ: Այդ զրույցների թեմաները բազմապիսի էին: Նրանից եմ ես առաջին անգամ լսել հայ դասական ճարտարապետության հիասքանչ հուշարձանների, միջնադարի հայ մեծ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի, Պիծակի, ապա և Հովնաթանյանների տաղանդավոր սերնդի մասին: Առաջին անգամ Չարենցից եմ լսել Մարտիրոս Սարյանի և Հակոբ Կոջոյանի անունները, որոնց արվեստը նա շատ բարձր էր գնահատում:  Որքան էլ մատչելի թեմաներ մատուցելու լիներ ինձ,  որքան էլ տարբեր դրվագներ պատմեր իր ճանապարհորդություններից, որքան էլ միտքս զբաղեցներ Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների տարաշխարհիկությամբ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի քաղաքակրթությամբ ու արվեստով, այնուամենայնիվ` նրա զրույցների հիմնական առանցքը հայրենիքն էր, հայ ժողովուրդը, նրա տարաբախտ անցյալը և վերածնված ներկան:
Նա անկարող էր լինում թաքցնել իր հրճվանքը` երբ փորձում էր բացատրել մեր դարաշրջանի էությունը, ա~յն դարաշրջանը, որը ծնել էր իրեն:
Բայց հաճախ, կռահելով խոսակցի ընկալունակության մակարդակը, ընդհատելով զրույցը` հարցնում էր, թե արդյոք հասկացա՞ իրեն. հակառակ իմ դրական պատասխանին, նա շեղ հայացքով դարձյալ զննում էր ինձ և, թափահարելով գլուխը, ասում. «Ափսոս, դեռ փոքր ես` շատ բաներ զգալու և հասկանալու համար»: Ցավում եմ անասելի, որ ի վիճակի չէի ես այն ժամանակ ո՜չ լիովին ըմբռնելու և ո՜չ էլ գրի առնելու, նույնությամբ հավերժացնելու  նրա հորդառատ բյուրեղյա մտքերի գոհարները: Էքերմանի իսկ խոսքերով, ես բռով որսալ էի ուզում գարնանային կենարար անձրևը, բայց և որի մեծ մասը, ավա~ղ, հոսեց մատներիս արանքով, այսօրվա համար թողնելով, միայն փայլուն կաթիլներ….
Հիշողության այդ փայլուն կաթիլներից եմ համարում և այն, որ որպես նմանօրինակ զրույցի հետևանք, ոգեշնչված, ես մի ոտանավոր գրեցի և տվեցի Չարենցին` մտածելով, թե ինչպես եմ խրախուսվելու: Բայց որքան մեծ եղավ իմ հիասթափությունը, երբ նա, ոտանավորը բարեխիղճ ընթերցելուց հետո, ժպտաց և ասաց. «Թեպետ անտաղանդ է, բայց շատ անմիջական է ու ջերմ»: Այդպիսինն էր նա` շիտակ ու խստապահանջ, փոքրերի հետ շփվելիս լիներ թե մեծերի, միևնույն է:
Ներքին գոհունակությամբ պետք է ասեմ, սակայն, որ նրան մեծ հաճույք էին պատճառում իրեն նկարելու իմ երբեմնակի փորձերը և, նկարի մեջ տիպական գծեր հայտնաբերելիս, ուրախանում էր մանկան պես և հպարտորեն ցույց տալիս մտերիմներին:
Մի օր «Ինտուրիստ» ճաշարանում սեղանի մոտ նստած սպասում էի Չարենցին, երբ նկատեցի մի երկու սեղան այն կողմ` մի խումբ մարդկանց, որոնց թվում և դերասան Միքայել Մանվելյանին:  Վերջինս նստսծ էր դեպի ինձ` կիսադեմ: Իմ սեղանի կողքին, լուսամուտի մոտ, շարված էին մի շարք նոտակալներ (երեկոները այդտեղ երաժշտություն էր լինում). ձեռքիս տակ չունենալով թուղթ` ես որոշեցի այդ նոտակալներից մեկի հենց տախտակի վրա նկարել Մանվելյանին:  Նա ուներ թեպետ առաջին հայացքից խոժոռ, բայց և շատ համակրելի ու շեշտված տիպական դեմք: Մանվելյանը, երևի սպասելով մատուցողին, շատ համբերատար և անշարժ, ձեռնափայտի վրա խաչաձևած ձեռքերին կզակը հենած` լսում էր զրուցակիցներին: Հենց այդ էլ ինձ հնարավորություն տվեց առավել ճշգրիտ նկարել նրան. և երբ Չարենցը իջավ համարից  ու նստեց սեղանի մոտ, ես շրջեցի նոտակալը և ցույց տվեցի նրան իմ նկարածը: Հիշում եմ` ինչպես նրա հոնքերը բարձրացան, դեմքը պայծառացավ, և նա գոչեց. «Դու նկարի՜չ ես, Ռոլան, նկարի~չ». ապա  նկարը ցույց տալով Մանվելյանին և նրա սեղանակիցներին, կանչեց Թովմասին (ճաշարանի հնագույն մատուցողներից) և կարգադրեց այդ նոտակալը բարձրացնել իր սենյակը:
Դժվարանում եմ ասել, թե որքան էի շոյված ու երջանիկ:
Չարենցի մոտ հաճախ էին հավաքվում ժամանակի նշանավոր մարդիկ: Պարզ հիշում եմ Ավետիք Իսահակյանին, Շիրվանզադեին, Ակսել Բակունցին, Գուրգեն Մահարուն, հայ բեմի ականավոր դերասաններ Ա. Ոսկանյանին, Վ. Փափազյանին, Մ. Մանվելյանին, արվեստագետ Ռ. Թերլեմեզյանին, ճարտարապետ Մ. Մազմանյանին և էլի շատ ուրիշների: Համատեղ երեկոներից մեկում շատ խոսվեց Պ. Ադամյանի, Սիրանույշի, Զարիֆյանի, Աբելյանի, արտասահմանում կատարած իրենց ուղևորությունների և այլնի մասին: Հիշում եմ`Արուս Ոսկանյանը մեծ եռանդով պատմեց Փարիզում իր հետ պատահած մի ծիծաղաշարժ դեպք:
Չարենցը, լարված ուշադրությամբ լսելուց հետո, սկսեց այն աստիճան ուժեղ ծիծաղել, որ ծիծաղի գալարումների ժամանակ գլորվեց և վայր ընկավ թախտից, ապա փոքր-ինչ ուշքի գալով ` անընդհատ խնդրում էր. «Արուս ջան, մեկ էլ պատմիր». և նա ստիպում էր պատմել, կրկնել հատկապես այն տեղը, որը իրեն առանձնակի դուր էր եկել և, նորից լսելով` կրկին նույն ուժով քրքջում էր:
Այդ նույն ամռանը Չարենցը ինձ իր հետ Լենինական տարավ, ուր մնացինք երեք անմոռանալի օր (նույն գնացքում էր նաև Ավետիք Իսահակյանը, բայց նա Կիրովական էր գնում):
Թե սիրո ինչպիսի ցույցեր կազմակերպվեցին Լենինականում Չարենցի պատվին, պետք էր միայն աչքով տեսնել: Նրան շրջապատող գրասեր երիտասարդությունը հենց առաջին օրը խնջույք կազմակերպեց Չըռ-Չըռ կոչվող ջրվեժի մոտ: Չարենցի` Լենինականում գտնվելու լուրը կայծակի արագությամբ տարածվեց քաղաքով մեկ: Գետափնյա ամբողջ բացատը հեղեղվել էր մարդկանց հոծ խմբերով, որոնք բոլորն էլ բուռն ցանկություն ունեին մոտիկից տեսնելու, լսելու կամ որևէ խոսք փոխանակելու մեծ պոետի հետ: Չարենցը անչափ զգացված էր, կասեի նույնիսկ փոքր-ինչ հուզված, ինչը վարպետորեն աշխատում էր աննկատ դարձնել շրջապատից:
…. Ինձ համար դեռ ճանապարհի զրույցից էր պարզվել, թե որքան շատ էր նա սիրում Գյումրին, սիրում գիտակցորեն , սիրում որպես ժամանակին նշանավոր շատ մարդիկ տված հայ հոգևոր մշակույթի հինավուրց ու շենշող օջախ:
Այդ նույն տարում Երևանում տեղի ունեցավ Ստեփան Շահումյանի արձանի հանդիսավոր բացումը: Չարենցը միտինգին մասնակցում էր կառավարական կազմի հետ, իսկ ես նրա տված տոմսով իրավունք ստացա մոտենալու ընդհուպ արձանի պատվանդանին: Հիշում եմ, թե ինչպիսի հպարտությամբ էի այնտեղից նայում իմ հասակակիցներին:
Արձանի բացումից հետո Չարենցը, ոգևորված օրվա անցուդարձով, անասելի երջանիկ էր զգում իրեն, ինչպես միշտ բոլոր այն նախաձեռնություններից հետո, որոնք նպաստում էին քաղաքի գեթ փոքր-ինչ կերպափոխմանը: Տոնածառի շուրջը պտտվող երեխայի անզուսպ անմիջականությամբ և հրճվանքով նա տարվել էր հուշարձանով և անընդհատ փոփոխելով դիրքը` տարբեր կետերից խրախուսանքով ու հավանությամբ դիտում էր այն:
Ի պատիվ հանդիսության, Չարենցն այդ օրը կազմակերպեց մեծ ճաշկերույթ. այդ օրերին նա պատվիրեց նաև Մերկուրովի ստեղծագործության մանրակերտը, որը այնուհետև միշտ պահում էր գրասեղանի վրա:
Բուռն ոգևորության պահերը, սակայն, այդ ամառ մերթ ընդ մերթ շղարշվում էին լուռ թախիծով: Անգամ ինձ- նա չէր զլանում խոստովանել իր մեծ ցանկությունը` ամուսնանալու, հատկապես երեխաներ ունենալու համար: Երբեմն կատակով հարց էր ուղղում ինձ, թե ինչպիսի կին հարմար կլիներ իրեն. և,  հարցը երկար քննարկելուց հետո, գալիս էր այն համոզման, որ առողջ և գեղեցիկ երեխաներ ունենալու համար անհրաժեշտ է ընտրել հենց այդպիսի կին:
Այդ նույն ամռանը Համո Բեկնազարյանի հրավերով Երևան ժամանեցին մի շարք դերասան-դերասանուհիներ` Հայկինոյում նկարահանվելու: Դրանց մեջ էր նաև 18-ամյա մի լեհուհի` Էռա անունով, որը տեղավորվել էր նույն «Ինտուրիստ» հյուրանոցում: Չարենցի առաջին իսկ ծանոթությունը Էռայի հետ եղավ ջերմ  ու տպավորիչ, և նա որոշեց ամուսնանալ` նախապես ստանալով էռայի համաձայնությունը: Հարսանյաց սեղանի մտովի ձևավորումը և հյուրերի կազմի ընտրությունը կատարեցինք միասին (որքան հիշում եմ, հրավիրված պետք է լինեին մոտ քսան հոգի):
Նշված ժամին բոլորը ներկայացան տոնական տրամադրությամբ ու նվերներով և տեղ գրավեցին «Ինտուրիստ» ռեստորանի մատուցողների ջանքերով շքեղորեն պատրաստված սեղանի շուրջը:
Ուշացող հարսնացուին սպասելով` Չարենցը շարունակում էր անհանգստանալ և ստիպված եղավ պարտադրել ինձ` գնալ և գտնել նրան: Բանն այն էր, որ օտարազգի հարսնացուն ինչ-ինչ պատճառներով նույն օրը` ցերեկը, աղերսագին խնդրել էր ինձ իրեն ուղեկցել մինչև կայարան և ընդմիշտ մեկնել էր Երևանից, իսկ ես ահաբեկված այդ արտառոց դեպքից` չէի համարձակվել Չարենցին հաղորդել լուրը:
Անցան րոպեներ ու դարձյալ րոպեներ…. Եվ ես ստիպված էի Չարենցին  հայտնել եղելությունը:
Չարենցը մի պահ քարացավ. նրա զվարթ  դեմքը կարծես սրվեց ու գունատվեց:  Բայց դա տևեց մի քանի վայրկյան միայն: Այնուհետև նա շտկվեց, վեհաշուք տեսք ընդունեց և կենսահաստատ ձայնով ու ժպտադեմ հայտարարեց, որ հարսանիքը փոխվում է քեֆի:
Նմանօրինակ ցնցող կերպարանափոխություն և զարմանալի ինքնատիրապետում հատուկ է երևի միայն ՄԵԾԵՐԻՆ:
Խնջույքը այնուհետև ընթացավ խիստ բնական, անկաշկանդ: Ներկաներից և ոչ մեկը հեռավոր ակնարկով անգամ զգալ չտվեց պահի տարօրինակությունը:
Մեկ տարի անց ես մեկնեցի Մոսկվա` ուսումս շարունակելու: Այդ ժամանակ էր, որ իրագործվել էր Չարենցի ցանկությունը. նկարիչ  Արարատ Ղարիբյանի տանը ծանոթանալով Իզաբելլա անունով աղջկա հետ` նա շուտով ամուսնանում է և նամակով հայտնում ինձ, իր իսկ խոսքերով` մեծաչյա և սևաչյա, առողջ ու գեղեցիկ աղջկա հետ ամուսնանալու լուրը:
1936 թվականի մայիսին Մոսկվայից վերադարձա Երևան և հենց առաջին օրը մտադիր էի այցելել Չարենցին, երբ երիտասարդ գրող Գարեգին Բեսը  եկավ մեր տուն և ասաց, թե Չարենցը  շտապ կանչում է ինձ (բայց ինչպե՞ս էր իմացել գալուս օրը… անկեղծ ասած առ այսօր դժվարանում եմ հասկանալ):
Այդ ժամանակ Չարենցն ապրում էր իր նոր ստացած բնակարանում ( այժմյան Մաշտոցի պողոտայի վրա), ուր և ծանոթացա կնոջ` Իզաբելլայի հետ և տեսա նրանց հրաշալի դուստրերին: Ավագ դուստրը` Արփենիկը (Բոժիկը), չորս տարեկան էր, իսկ կրտսերը` Անահիտը (Ադոկը)` մոտ երկու տարեկան:
Չարենցը բավականաչափ փոխված էր, ընկճված ու վատառողջ: Նա մի տեսակ մեծացել էր, կարծես կքել էր հոգսերի տակ. երբեմնի աշխույժ, պայծառ դեմքին ու աչքերին թախիծ էր իջել, և ժպիտն էլ դարձել երկչոտ ու խեղճ:
Ինձ հետ ունեցած երկար հարցուփորձի ժամանակ (իմ գործերից, Մոսկվայից) նա շատ ցրված էր ու մտահոգ, դեմքը պայծառանում էր միայն, երբ հայացքն ուղղում էր քնած երեխաների կողմը:
Այդ նույն` 1936 թվականի ամռանը Չարենցը Իզաբելլային երեխաների հետ ուղարկեց Ծաղկաձոր, իսկ ինքը մնաց քաղաքում: Օրերով տնից դուրս չէր գալիս և նստած գրասեղանի մոտ` անընդհատ գրում էր ու գրում:
Այդ օրերին էր. Չարենցի մոտ գնալիս այդ անգամ մենակ չէի, ինձ հետ էր նաև բարեկամուհիս` իր աղջնակի հետ: Մեզ տեսնելով` Չարենցը, հակառակ իր վատառողջ վիճակին, շատ ուրախացավ, առանց վայրկյան կորցնելու վեր կացավ տեղից և ասելով, թե անմիջապես կվերադառնա, հենց տնային հագուստով դուրս եկավ: Պատշգամբ դուրս գալով տեսա, որ Չարենցը փողոցն արդեն անցել և ուղղվել էր դեպի դիմացի կրպակը: Քիչ անց նա վերադարձավ մի մեծ ձմերուկ ձեռքին և խիստ գոհ, որ մեզ և իր փոքրիկ հյուրին կարող է հյուրասիրել (այդ իմ փոքր բարեկամուհին` Մեսալինա Խալեյանը այժմ աշխատում է Չեխովի անվան դպրոցում որպես ուսմասվար): Այդ օրը Չարենցը նվիրեց մի թանաքաման և գրիչ մասունքներ, որոնք առ այսօր պահվում են Մեսալինայի մոտ:
Երբեմնի ամենօրյա աշխույժ այցելություններից ոչինչ չէր մնացել. նրա մոտ այլևս համարյա ոչ ոք չէր լինում. նա մենակ էր, լքված և կարիքի մեջ: Ես նրա մոտ մեկ անգամ միայն հանդիպել եմ Աղասի Խանջյանին, բժիշկ Գաբրիել Հարությունյանին և էլի 1-2 հոգու:
Աղասի Խանջյանի` Թբիլիսի մեկնելու օրը Չարենցը ինձ տվեց մի գրություն  և  խնդրեց անպայման կայարան գնալ և հանձնել Խանջյանին:
Հիշում եմ, շոգ երեկո էր. երբ հասա կայարան, արդեն մթնշաղ էր: Կառավարական գնացքը կանգնած էր երկրորդ գծի վրա. հենց այդտեղ` կառամատույցում տեսա Խանջյանին. սպիտակ վերնաշապիկը հագին նա ճեմում էր մի քանի հոգու հետ` սպասելով գնացքի մեկնելուն: Սկսեցի զգույշ մոտենալ առաջին անցուղով և մտածում էի, թե ինչպես կատարեմ Չարենցի հանձնարարությունը, երբ Խանջյանը տեսնելով և երևի զգալով, որ իրեն եմ ուզում մոտենալ, ինքն անցավ գծերի վրայով և մոտենալով ինձ` հարցրեց. «Ինչպե՞ս է Չարենցը». ես անմիջապես նրան հանձնեցի գրությունը, որը առանց կարդալու նա դրեց գրպանը և ասաց, որ բարևեմ Չարենցին: Ես հեռացա` աչքերիս մեջ տանելով Խանջյանի մտահոգ դեմքն ու թախծոտ աչքերը:
Հիմա ինձ ներել չեմ կարողանում, որ Չարենցի ձեռքով ծալված անծրար թուղթը չմտածեցի անգամ բաց անել, հանգամանք, որն այսօր թերևս հնարավորություն  կտար պարզելու որևէ հանգույց այդ գերլարված օրերի եղելություններից. արդյո՞ք այդ գրությունը կապ ուներ այն փաստաթղթի հետ, որը Չարենցն ինձ ցույց էր տվել մի երկու օր առաջ` Խանջյանի ստորագրությամբ, որով նրան պետք է Փարիզ ուղարկեին բուժվելու…
Ոչինչ, ոչինչ պարզ չէ ինձ համար այսօր, պարզ է միայն այն, որ Չարենցն այդ շրջանում շատ էր ընկճված, և իմ ջանքերը` նրան պաշարող ահավոր մտքերը որևէ կերպ ցրելու, անցնում էին ապարդյուն: Ես այն ժամանակ քիչումիչ դաշնամուր էի նվագում: Իր աշխատասենյակից Չարենցը հաճախ ստիպում էր ինձ գնալ հյուրասենյակ, որտեղ դրված էր դաշնամուրը, և նվագել որևէ բան: Իմ նվագացանկը շատ սահմանափակ էր, և ես նույն երգերը կամ վալսերը կրկնում էի տասնյակ անգամ. և երբ մատներս թմրում էին, ու ես դադարում էի նվագել, Չարենցը գոռում էր իր սենյակից, որ շարունակեմ. երբեմն էլ, երբ արդեն ի վիճակի չլինելով` դադարեցնում էի նվագը և զգում էի, որ լռություն է տիրել, կամաց մոտենում էի նրա աշխատասենյակի դռանը ու տեսնում, որ նա գրասեղանի մոտ, գլուխը հենած ձեռքերին, լուռ հեկեկում է:
Աղասի Խանջյանի մահվան բոթը ցնցեց Չարենցին: Շատ եմ ցավում, որ այդ լուրը հաղորդողը ես եղա` փողոցում ակամա ականատես լինելով մահվան մի լուռ ու տարօրինակ թափորի: Իմանալով ով է հանգուցյալը, քայլերս անմիջապես ուղղեցի Չարենցի տուն, ասելով, թե Թբիլիսիից բերվել է «ինքնասպան» եղած Խանջյանի դին:
Մինչև հիմա չեմ կարող մոռանալ աչքերիս առաջ կատարված ցնցող տեսարանը: Չարենցը թավալգլոր եղավ հատակին ու սկսեց հեկեկալ. մի բան նա ասաց միայն. « Սուտ է, նա չէր կարող ինքնասպան լինել»:
Անցան օրեր… Իզաբելլան երեխաների հետ վերադարձավ ամառանոցից:
…1937 թվականին Չարենցը ձերբակալվեց:
Իզաբելլայի հետ ես էլ էի երբեմն բանտ գնում` Չարենցին ուտելիք և դեղորայք հասցնելու: Չարենցի լյարդը և լեղապարկը լուրջ հիվանդ էին, և նա դեռ տանը բժիշկների թույլտվությամբ սրսկվում էր ցավերի դեմ: Մի օր Իզաբելլան, երբ ուտելիք էր տարել բանտ և ետ ստացել Չարենցի  շորերը` տանը լվանալու, սպիտակեղենը ջրի մեջ իջեցնելու պահին Չարենցի շապիկի մեջքին (ներսի կողմից)  քիմիական մատիտի բծեր է նկատում և որոշ բառեր: Անմիջապես հանում է շապիկը, դնում սեղանին և հևիհև ինձ մոտ հասնում հայտնելու, որ գրված բառերը չի կարողանում ջոկել միմյանցից և որ միայն իմ անունն է կարողացել կարդալ:
Նախապես ետ ուղարկելով Իզաբելլային, առանց վայրկյան կորցնելու Չարենցի տուն հասա: Միասին ուղղեցինք թաց շապիկը, վերցրինք Չարենցի գրասեղանից խոշորացույցը և կարդացինք հետևյալը. «Իզաբելլա, լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս և այդ հարցով դիմիր միայն ու միայն Ռեգինային և վստահիր նրան»:
Մենք աննկարագրելի արագությամբ հազիվ միայն շապիկից թղթի վրա արտագրեցինք սրտակեղեք այդ տողերը և, անգիր անելով գրածը, ոչնչացրինք անգամ այդ թուղթը… որից հետո Իզաբելլան շտապ դատարկեց միջին չափի մի ճամպրուկ և, բացելով Չարենցի գրասեղանի դռները, կարծես տենդի մեջ, հապճեպորեն ու խառնիխուռն խցկելով տարբեր դարակներից աջ ու ձախ ձեռքն ընկած ձեռագրերը` մոտ քսան թղթապանակ, տեղավորեց այնտեղ: Վերջին երեք հաստափոր թղթապանակները չտեղավորվեցին ճամպրուկում: Ի՞նչ անել. խառնաշփոթ որոնումների մեջ, աշխատասենյակում չտեսնելով ոչինչ պատշաճ, մենք անցանք խոհանոց. այնտեղ իմ ուշադրությունը գրավեց  անկյունում դրված հասարակ ֆաներայից պատրաստված գորշագույն նեղ պահարանը, որտեղ Իզաբելլան ամանեղեն էր շարում: Մխիթարականն այն էր, որ պահարանը կրկնահատակ էր. հենց այդ կրկնակի հատակի արանքում էլ տեղավորեցինք մյուս երեք թղթապանակները, պահարանը թողնելով կանգուն` նույն տեղում: Ես մտածում էի, որ հետագայում, հարմար առիթով, այն հեշտ դուրս կբերվի Չարենցի բնակարանից, որպես ծայրահեղ անպաճույճ իր: Դրանից հետո գերհուզված վերադառնալով աշխատասենյակ` Իզաբելլան ձեռքս տվեց լեցուն ճամպրուկը և հեկեկալով ուղեկցեց ինձ:
Ինձ վրա դրված էր աներևակայելի պատասխանատվությունանհրաժեշտ էր ամեն գնով փրկել ձեռագրերը: Սրտի դողով, բայց հաստատակամ ես այն հասցրի տուն և հենց նույն գիշերը իմ հարազատներից մեկի տան ներքնահարկում  (նախկին Ադամյան փողոց 7.այժմ Կ. Մարքսի նրբանցք) փոս փորեցի և, չունենալով ձեռքի տակ ավելի հուսալի հարմարանք` հապճեպորեն զմռսեցի միջին չափի մի տակառ, թղթապանակները փաթաթեցի մոմլաթի տարբեր կտորների մեջ և դասավորելով տակառում` հանձնեցի հողին:
Ահա մի պատառիկ այդ մասունքներից.
«ՉԿԱ ԱՎԵԼԻ ԱՄԵՀԻ ՊԱՏԻԺ, ՔԱՆ ԱՅՆ, ԵՐԲ ՄԱՐԴՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՂԻ ՄԻ ԳԱՂԱՓԱՐԻ ԴԵՄ, ՈՐԸ ՀԵՆՑ ՆՐԱ ՄԻԱԿ ՍՐԲԱԶԱՆ ԵՎ ՄԻԱԿ –ՆՐԱ ԿՅԱՆՔԻ ՄԻԱԿ ԳՈՐԾՆ ՈՒ ԻՄԱՍՏԸ ԿԱԶՄՈՂ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒ ԳՈՐԾՆ Է: ԵՎ ՉԿԱ ՈՉ ՄԻ ՄԻՋՈՑ ԱՅԴ «ՀԱՍԱՐԱԿ» ԼՈՒՅՍԻ ՊԵՍ ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ.
ՔԱՆԶԻ ՉԿԱ ՏԱՆՋԱՆՔ ԱՎԵԼԻ ՄԵԾ,- ԵՎ ՊԱՏԻԺ ԱՎԵԼԻ ՍԵՎ, -ՔԱՆ ԴԱՏԵԼ ՄԱՐԴՈՒՆ`  ՆՐԱ ՍՐԲԱԶԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ,  ՆՐԱ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՄԻԱԿ ԳՈՐԾԻՆ ԴԱՎԱՃԱՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ.
ԵՎ ՉԿԱ ՈՉ ՄԻ ՄԻՋՈՑ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ, ՀԱՄՈԶԵԼՈՒ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ՉԷ-ՈՐ ՀԵՆՑ ԱՅԴ ՆՈՒՅՆ ՄԵՂՔԻ ՕԲՅԵԿՏՆ Է ԻՄ ՄԻԱԿ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ.
ԱՅԴ ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ԹԵ ՀԱՆԿԱՐԾ ԼԵՆԻՆԻՆ 1917 ԹՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀԵՆՑ ՆՐԱ ԱՄԵՆԱՄՈՏԻԿ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐԸ  ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ – ԱՄԵՆԱԱՆԿԱՍԿԱԾԵԼԻՆԵՐԸ – ՀԱՆԿԱՐԾ ՄԵՂԱԴՐԵԻՆ, ԹԵ ՆԱ ԿԱՄԵՆՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ – ՍՈՒԲԵԿՏԻՎՈՐԵՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ (ԵՎ ՈՉ ԹԵ ՕԲՅԵԿՏԻՎ ԵՆԹԱԴՐԵԼԻ ՀՆԱՐՔՈՎ)- ՁԳՏՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԻԿՈԼԱՅ ՌՈՄԱՆՈՎԻ ԴԻՆԱՍՏՅԱՆ… ՈՐ ՆԱ ԾՊՏՅԱԼ ՄՈՆԱՐԽԻՍՏ Է…
…ԵՎ ԴԱՏԵԻՆ ՆՐԱՆ, ԵՎ ՈՐՈՇԵԻՆ, ԵՎ ՀԱՅՏՆԵԻՆ Ի ԼՈՒՐ ԱՇԽԱՐՀԻ — ԵՎ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԻՆ ԻԲՐԵՎ ՄՈՆԱՐԽԻՍՏԻ …ՀԱՆՈՒՆ ԼԵՆԻՆԻԶՄԻ, ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԵՎ ԲՈԼՇԵՎԻԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿՒ…

Եղիշե Չարենց 1937.1. 3
(Ձեռագիրը առայսօր գտնվում է ինձ մոտ- Ռ. Ղ.)
Որոշ ժամանակ անց, 1937 թվականի աշնանը, ձերբակալվեց նաև Իզաբելլան: Նույն այդ օրը հրավիրված էի բարեկամներիս մոտ ճաշի: Դեռ սեղան չնստած, պատուհանների մոտ մի մեքենա կանգնեց, և այնտեղից դուրս եկան մի քանի հոգի. մոտենալով բնակարանին նրանք հարցրին, թե ով է Ռեգինա Ղազարյանը: Հենց այդտեղ էր, որ անջատվելով խմբից ինձ մոտեցավ ներքին գործոց ժողկոմատի գնդապետ Պավել Աբուլյանը և ցույց տվեց մի գրություն`Չարենցի և Իզաբելլայի ստորագրությամբ այն մասին, որ երեխաների բախտի առաջիկա տնօրինման հարցը ինձ է հանձնարարվում: Ապա ներքին գործոց նախարարությունում, Պ. Աբուլյանի առանձնասենյակում, նրա իսկ թելադրանքով, ես գրեցի փաստաթուղթ, որով պարտավորվում էի պահել և սոցիալիստական ոգով դաստիարակել երեխաներին, մինչև հանգամանքների պարզաբանումը:
Նույն մեքենայով նրանք ինձ տարան Չարենցի բնակարանը`երեխաներին վերցնելու (ճշգրտության համար նշեմ, որ Չարենցից հետո Իզաբելլային տեղափոխել էին նույն փողոցի «Ինտերնացիոնալ» կոչվող շենքի մեկ սենյականոց բնակարանը: Իզաբելլայի ձերբակալումից հետո կնիքով փակված նախկին բնակարանում խուզարկություն կատարելու պատճառով երեխաները ետ էին բերվել հին հասցեով): Անձրև էր մաղում. երեխաները որևէ հսկողությունից ազատ իջել էին փողոց և խաղում էին հենց տրամվայի գծերի վրա (այն ժամանակ այսօրվա Մաշտոցի պողոտայով, որը կոչվում էր Սունդուկյանի փողոց, տրամվայ էր անցնում): Մեքենան կանգնեց դռան մոտ. թողնելով ինձ երեխաների հետ, Պ. Աբուլյանն ասաց, որ իրեն սպասեմ վերևում և գնաց, շուտով վերադառնալու պայմանով. ես մոտեցա երեխաներին և գրկելով փոքրին ու մեծի ձեռքը բռնելով`բարձրացա Չարենցի բնակարանը: Այնտեղ, ինչպես ասացի, խուզարկություն էր կատարվում:
…Ճիշտ է, անցել է ավելի քան 50 տարի, բայց դժվար է մոռանալ աչքերիս առջև բացված տեսարանը. նախկինում սրբավայր ներկայացնող բնակարանը վեր էր ածվել ավերակույտի. երիտասարդ խուզարկուների կողմից պահարանների և գրասեղանի տարբեր դարակներից անտարբեր սառնասրտությամբ դուրս էին հանվում և աջուձախ նետվում, երբեմն նաև մի կողմ դրվում մեծ պոետի սիրած ու փայփայած, նրան հոգեհարազատ, մեծարժեք ու նվիրական տարբեր իրեր, գրքեր, դարձյալ գրքեր, անգամ հուշանվերներ:
Անտրամաբան մոլուցքով քանդվող բոլոր ներքնակներից ու բարձերից դուրս նետված ու օդում լողացող բրդերն ու փետուրները պատկերը դարձրել էին անսովոր ու ահազդու:
Ես քարացել էի դռան շեմին կանգնած. արցունքները խեղդում էին ինձ… Եվ երբ Պ. Աբուլյանը վերադարձավ ու առաջարկեց ինձ վերցնել իրերից ինչ ցանկանում եմ, ես ասացի, որ բացի երեխաների շորերից ու անկողնուց, ինձ ոչինչ պետք չէ: Մեկ-երկու փալաս, երեխաների խիստ սահմանափակ հագուստներ և նրանց վերմակները. ահա այն ամենը, ինչը ես վերցրի:
Պավել Աբուլյանի զարմացական հայացքի տակ, տան բազում շքեղ իրերը թողած, ես խնդրեցի միայն խոհանոցի հնագորշ նեղ պահարանը ու շուտով այնտեղ տեղավորելով երեխաներին պատկանող իրերը`բեռնակրի օգնությամբ այն դուրս բերեցի սենյակից և, երեխաներին առժամանակ թողնելով հարևանների մոտ, շտապեցի պահարանը հասցնել տուն:
Կատարվածը հրաշքի էր նման. ոչնչացման ամենակուլ երախից դուրս էր թռել և կենդանություն ձեռք բերել բանաստեղծի իրերի խուզարկության ժամանակ – ամենափնտրելին: Հետին թվով, չեմ կարող ես այսօր բարի խոսքով չհիշել Պ. Աբուլյանին, որը հիշողությանս մեջ վեր է հառնում որպես ժամանակի անօրեն պարտականությունները ճարահատյալ ու ցավով կատարող պաշտոնյա:
Չարենցի թողած ծով ժառանգությունից, այսպիսով, որը Իզաբելլան այդպես էլ հնարավորություն չունեցավ ամբողջովին հանձնել ինձ, ի բացառյալ վերը նշված թղթապանակները, փրկված էին նաև վերջին երեքը:
Պահարանը տուն հասցնելուց հետո ես անմիջապես վերադարձա և տարա երեխաներին.
Մեսալինա Խալեյանը հիշում է. «1937 թվին, երբ ես ինը տարեկան էի, Ռեգինա Ղազարյանը (որը այդ թվականներին ապրում էր մեզ մոտ, մեր տանը) մի օր, արդեն աշնան կողմը, տուն եկավ շատ հուզված և, հետը բերելով Չարենցի երեխաներին, ասաց, որ  նրանք մեզ մոտ պետք է ապրեն:
Չարենցի դուստրերը`Արփենիկը և Անահիտը փոքր էին, և ինձ շատ ուրախացրեց, որ ես ձեռք բերեցի այդպիսի հիանալի քույրիկներ:
Մեր պայմանները սուղ էին, և Ռեգինայի ապրումները տեսնելով, մայրս դիմելով նրան, ժպտադեմ ասաց (շատ լավ եմ հիշում այդ խոսքերը)- ոչինչ, մի կերպ կապրենք. մեկ բաժին կերակուրը կբաժանենք երեք տեղ. և սիրով ընդունեց երեխաներին:
Կարող եմ հավելել, որ որոշ վաստակ տուն բերելու համար արվում էր ամեն ինչ (գիշերներն անքուն լոզունգներ գրել, ղեկավարների դիմանկարները մեծացնել և այլն) այդ սուղ պայմանները թեթևացնելու համար, որպեսզի երեխաները նոր տարվա օրը ունենան գաղտնի դրված տոնածառ, զարդարված թեկուզ և մեր կողմից պատրաստված թղթե խաղալիքներով: Այդ օրերին էր, որ Ավետիք Իսահակյանը (ինչպես ինձ հաղորդեցին) ցանկություն էր հայտնել այցելել ինձ`Չարենցի երեխաներին տեսնելու: Ես անչափ ուրախ էի. նշված օրը վարպետը եկավ և որոշ հարցուփորձից հետո ցանկացավ նայել Չարենցի որոշ ձեռագրեր: Վերջին երեք թղթապանակները դեռ ինձ մոտ էին, և ես չէի հասցրել դրանք միացնելու թաղված մյուս ձեռագրերին: Վարպետը մեկառմեկ ձեռագրերը նայելուց հետո առանձնապես կանգ առավ մանր ու խիտ գրված չորս մեծ էջերի վրա, նկատելիորեն հուզվեց և դողացող ձեռքերով երեխաներին նստեցնելով ծնկներին`սկսեց լուռ արտասվել: Արտասվում էի նաև ես: Մոտ երկու ժամ մնալուց հետո վարպետը երեխաների համար մի ծրարի մեջ 150 ռուբլի հանձնեց ինձ`և գնաց: Այդ այցելությունը միակն էր ամբողջ հայ մտավորականության այն ժամանակվա ներկայացուցիչների կողմից:
Երեխաները մնացին ինձ մոտ շուրջ մեկ տարի: Բայց ուսումս շարունակելու անհրաժեշտությամբ ես պետք է Մոսկվա մեկնեի: Այդ առիթով դիմեցի Իզաբելլայի հարազատ մորը`Աննա Կոդաբաշյանին և խնդրեցի վերցնել երեխաներին: Լինելով բարի ու սրտացավ մայր, այսուհանդերձ նա որոշ տատանումներից հետո միայն համաձայնվեց. բարդ ժամանակներ էին, շատ բարդ: Վախենում էին բոլորը, բոլորը…
Դրանից հետո ես մեկնեցի Մոսկվա:

Անցան 17 ձիգ տարիներ:
Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ ես բանակում էի և երազում էի անփորձանք վերադառնալ Երևան, աղերսում էի Աստծուն, պատահականությանը թե բնության հզոր արդարադատությանը, որ պահպանվի իմ կյանքը, որ ինձ ոչինչ չպատահի հանուն այն բանի, որ ձեռագրերը նորից լույս աշխարհ գան և ծառայեն իրենց նպատակին: Այլ կերպ  նրանք առ այսօր վաղուց արդեն փոշիացած` մնացած կլինեին հողի տակ:
Ես վերադարձա, բայց դեռ չէի համարձակվում մոտենալ այն վայրին, որտեղ պահված էին այդ ձեռագրերը: Եվ միայն 1954 թվականին, երբ Ա. Միկոյանը Երևան եկավ ընտրողների հետ հանդիպելու և օպերային թատրոնի շենքում իր արտասանած ճառում երկար տարիների լռությունից հետո առաջին անգամ արտասանեց ՉԱՐԵՆՑ անունը և ժողովրդի սրտաբուխ ցնծության ու խանդավառ ծափահարությունների  ուղեկցությամբ նշեց նրա ժառանգության նշանակությունը և այն, որ Չարենցը պետք է հրատարակվի – ես կիսախելագար վիճակում հենց նույն գիշերը  հասա պահված ձեռագրերի սրբավայրը և հանեցի զմռսած տակառը թաքստոցից:
Թող ինձ ներվի, որ ինձանից անկախ պատճառներով, սրտի մեծ ցավով խոստովանեմ պիտի, որ երկար տարիների խոնավությունից այդ ձեռագրերի մոտ 15 տոկոսը քայքայվել էր, փոշիացել, մոտ 10 տոկոսն էլ կիսաքայքայվել: Այս օրերից գրեթե անհնար է ետադարձ պատկերացումով ճեղքել անցյալի մշուշի վարագույրը` վերակենդանացնելու որոշակի էջեր. հանճարեղ պոետն անգամ մարմնավորել է այդ ` անձայն հեկեկանքով, «անօգ» և «շվարած»:
Այդուհանդերձ, հոգու մեծ ցանկությամբ, պոետի իսկ լավատեսությամբ վարակված` ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼԸ ՄԱՐԵԼՈՎ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ, ես փառք տվեցի պատահականությանը, մայր հողին, որ ձեռագրերի մեծ մասը թեպետ դալկացած, բայց լրիվ պահպանվել և մնացել էր ընթեռնելի: Մի զգալի մասն էլ այնպես թարմ էր, կարծես հենց նոր էր գրված: Այդ ձեռագրերի թվում էին բեյթեր, ռուբայաթներ, դիստիքոսներ և այլ գործեր, ինչպես նաև «Կոմիտաս» պոեմի մաքրագիր օրինակը 96 թերթ (142 ութնյակ), բացառությամբ վերջին մի քանի ութնյակների ` գրված 1936 թվականի մայիսին, Կոմիտասի աճյունը Փարիզից հայրենիք փոխադրելու և մայր հողում ամփոփելու օրերին:
Հետագա քայքայումից փրկելու նպատակով կիսաքայքայված և դժվար ընթեռնելի ձեռագրերի վերծանման, կարգավորման և արտագրման համար անհրաժեշտ է եղել կատարել տևական, մանրակրկիտ աշխատանք: Պոետական ճիչ արտահայտող անտիպ պատառիկների վերջին էջերի վերծանման գործում ինձ օգնության է հասել մեծ երախտավորը` Պարույր Սևակը: Մեր տանը երկար գիշերներ, զինված խոշորացույցերով, Սևակը մեծագույն սիրով և անհուն համբերությամբ կարողանում էր կռահել և տառ առ տառ վերականգնել ձեռագրի որոշ խաթարված մասեր` հասցնելով այն` ամբողջության:
… Խնդիրըսակայնայն համաժողովրդական սեփականություն դարձնելն էր.
այդ իսկ պատճառով, Չարենցի իրավունքների վերականգնումից հետո, դեռևս 1955 թվականին, անտիպ ձեռագրերի մի մասը, այդ թվում և «Կոմիտաս» պոեմի վերջնական մաքրագիր տարբերակը հանձնեցի Չարենցի ավագ դուստր Արփենիկին` որպես նվեր, պայմանով, որ դրանք հավասարապես պատկանում են երկու դուստրերին:
Ինձ մոտ մնացած  ձեռագրերի մի փոքր մասը` 2280 տող, որոնց դեռ չէի հասցրել ծանոթանալ, կարիք էր զգում լրացուցիչ վերծանման: Անհրաժեշտ էր պարզել, թե, ի վերջո ինչ է հանձնված եղել ինձ, և ինչ է այդքան երկար  տարիներ պահվել հողի տակ: Այդ մասի վերծանման աշխատանքները  ևս հասցնելով որոշակի աստիճանի` ես 1967 թվականին դիմեցի Հայաստանի  Գերագույն խորհրդի  նախագահության նախագահ Ն. Հարությունյանին` թույլ տալու ինձ Չարենցի 70-ամյա հոբելյանի օրը հայ ժողովրդին պաշտոնապես վերադարձնելու պոետի վերջին անտիպները (ինձ մի աներևույթ ձայն մշտապես հուշել է, Չարենցը այդպես կցանկանար): Այդ պաշտոնական հանձնումը, չգիտես ինչու, համարվեց ոչ նպատակահարմար, և ձեռագրերը դարձյալ մնացին ինձ մոտ մինչև 1969 թվականը:

1967 թվականին, Չարենցի 70-ամյակի առիթով հեռավոր Ուֆայից Մոսկվա է ժամանում Իզաբելլան և լինում Ա. Միկոյանի մոտ` ընդունելության, խնդրելով օգնել իրեն վերստին Երևան վերադառնալու: Հայաստանի կառավարության կողմից իրեն խոստացված բնակարանի հարցերը կարգավորելու նպատակով նա գալիս է Երևան և մոտ երեք ամիս ապրում ինձ մոտ: Պարզվում է, որ նա աքսորավայրում ամուսնացել էր մի բուժաշխատողի հետ, ունեցել հինգ զավակ ու ինչ-ինչ պատճառներով որոշել կյանքի այդ փուլը նորից ապրել Երևանում, որպես անցյալի հախուռն օրերի կենդանի հուշ: Ամենևին էլ տարօրինակ չէր տեսնել այդ ժամանակ Երևանի գրասեր երիտասարդության հոսքը մեր տան հասցեով;
Չարենցը կենդանացա~ծ…
Գալիս էին ու գալիս, նայում էին ու հրճվում, զրուցում էին ու ողջագուրվում, զարմանքով դիտում կյանքի թոհուբոհով անցած այդ կենդանի մասունքը:
Իսկ Իզաբելլա~ն… կարծես նա ջնջել էր իր կյանքի իրական քարտեզից վերջին` իր նեղ, հարկադրական անձնականի տարիները և ապրում էր բացառապես Չարենցով, նրա հետ կապված բազում ճշգրիտ մանրամասներով: Ոգի էր կարծես, որ հայտնվել էր լույս սփռելու կնճռոտ, վիճելի հարցերի վրա, ուղղելու, բացահայտելու Չարենցին բնութագրող նոր շտրիխներ, ողբերգորեն անդրադառնալու 1936-37 թթ. անցուդարձին և ուրիշ շատ ուշատ մանրամասների:
Իզաբելլայի հիշողության շնորհիվ երիտասարդությունը հաղորդակից էր դառնում Չարենց-մարդու և Չարենց-ստեղծագործողի կյանքին կապված այնպիսի մանրամասնությունների, որ միայն բանաստեղծի հետ ապրած անձնավորությունը կարող էր պատմել` կենցաղային վարք ու բարքից  մինչև մեծ պոետի անեզր ներաշխարհի բարդությունները ուրվագծող դեպքեր, դեմքեր  ու կապեր:
Այդ օրերին էր, երբ հնչեց մեր հեռախոսի զանգը, և Մարտիրոս Սարյանի կինը` տիկին Լուսիկը, նախապես տեղյակ, որ Իզաբելլան ինձ մոտ է, խնդրեց անպայման նրան տանել իրենց տուն` ասելով, որ վարպետ Սարյանը մեծ ցանկություն ունի տեսնելու նրան:
Նույն օրը երեկոյան, մենք եղանք Սարյանենց մոտ: Ինչ խոսք, շատ տարիներ էին անցել, բայց անչափ էին 30-ական թվականների հիշողությունները և վարպետը կլանված լսում էր Իզաբելլայի ոդիսականը:
Մոտ երեք ամիս ինձ մոտ ապրելուց հետո նա մեկնեց Ուֆա (իր կյանքի միջին հանգրվանը)  և ապա աշնանը նորից և այս անգամ արդեն ճակատագրի թելադրանքով ընդմիշտ ժամանեց Երևան: Առողջական վիճակի պատճառով հարկ եղավ նրան տեղավորել հատուկ բուժմիավորման հիվանդանոցում (այդ գործում այն ժամանակ մեծապես օգտակար եղավ Արտո Եղիազարյանը, որը հաճախ էր լինում մեզ մոտ):
Դրանից հետո Իզաբելլան ապրեց մոտ երեք ամիս և մահացավ հիվանդանոցում: Նրա թաղումը կատարվեց գրողների միության օգնությամբ:
Նոր բնակարանի համար իրեն հանձնված բանալին այդպես էլ անգործածելի մնաց: Նրանից մնացին միայն բազում գրառումներ  ու ձայնագրություններ` տանը և հիվանդանոցում կատարված հարցազրույցների, որոնց ժապավենների մի մասն էլ պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Չարենցի 70-ամյա հոբելյանի նախօրեին, «Գրական թերթի» խմբագիր, ճանաչված բանաստեղծ Համո Սահյանը երիտասարդ գրողներ Ռազմիկ Դավոյանի, Ռուբեն Հովսեփյանի և Ֆելիքս Մելոյանի հետ, եկան ինձ մոտ` ծանոթանալու Չարենցի անտիպներին և ընտրելու մի քանի գործ` թերթում տպագրելու համար:
Երիտասարդների կողմից հետագա երկու օր տևող փութաջան աշխատանքից հետո ընտրված` «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո», «Զվարթ գիտություն» և ուրիշ այլ գործեր տպագրվեցին «Գրական թերթի» 1967 թվի հունվարի 13-ի և մայիսի 13-ի համարներում, իրականացնելով սակայն, Համո Սահյանի կանխագուշակումն այն մասին, որ այդ համարձակության համար իրեն անպայմանորեն կազատեն զբաղեցրած պաշտոնից:
Այդպես էլ եղավ. բայց ի՞նչ փույթ. կատարված էր առաջին քայլը:
Եվ «Գրական թերթում» լույս տեսած անտիպները ճանապարհ բացեցին Չարենցի թողած մեծ ժառանգության մնացած մասի համար:
Չմոռանամ նշել նաև, որ մինչ այդ, դեռևս 1960 թվին, Համո Սահյանը իր մի քանի ընկերների հետ այցելել էր իմ արվեստանոցը, խնդրելով ծանոթանալ Չարենցի որոշ ձեռագրերի: Հիշում եմ. դարակից հանելով մի շարք էջեր, ես սիրով տրամադրեցի այն` Պոետին. մեծ ուշադրությամբ ձեռագրերը կարդալուց հետո, նկատելի հուզումով նա գրեց երկու էքսպրոմտ, որոնցից մեկը նույնությամբ հարմար եմ տեսնում ներկայացնել ընթերցողին.
Այս դարակում դաժան մի դար,
Մոխիր ցավի ու մորմոքի,
Այս դարակում մի ողջ աշխարհ,
Մի ողջ հոգի:
Այս դարակում
Մարած կյանքի մի պատմություն.
Սիրտ, ինչպես է, որ չես պայթում:
Հ.Սահյան, 4-10-60, Երևան
Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրատան վարիչ Գոհար Ազնավուրյանը հոբելյանական տոնակատարության օրերին խնդրեց ինձ ծանոթացնել իրեն` Չարենցի անտիպ ձեռագրերին: Իր ազնիվ գործին անմնացորդ նվիրված այդ կինը`  Գոհար Ազնավուրյանը  այնուհետև մի շարք հանդիպումների ժամանակ ցուցաբերել է, կասեի, մայրական խնամք, ջերմեռանդ մտահոգություն և գործարար վերաբերմունք  ձեռագրերի բախտի, հանձնման ու պետականորեն պահպանելու հարցերին:
1969 թվականի աշնանը Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Նվարդ Բաղդասարյանը ցանկություն հայտնեց հնարավորություն ընձեռել նկարահանելու չարենցյան ձեռագրերը`  տուն-թանգարանում ցուցադրելու համար: Նկարահանումները տևեցին մոտ մեկ ամիս (լուսանկարիչ Բ. Մավիսակալյան) և ձեռագրերի լուսանկարները այժմ գտնվում են Չարենցի տուն-թանգարանում:
Վերջապես  1969 թվականի դեկտեմբերի 23-ին Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, պաշտոնական մթնոլորտում, կատարվեց Չարենցի ձեռագրերի հանձնման արարողությունը` մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ներկայացուցիչների մասնակցությամբ, ներկա էր և Չարենցի կրտսեր դուստրը` Անահիտը:

Անկեղծ ասած, իհարկե ինձ համար շատ դժվար էր բաժանվել այդ ձեռագրերից, որովհետև դրանք ուղեկցել են ինձ իմ ողջ գիտակցական կյանքում և, լինելով կյանքիս ուղեկիցը` դարձել էին կարծես և կյանքիս բովանդակությունը: Հիմա, հանձնած լինելով այն թանգարան` կարծես զրկվել եմ նաև կյանքիս ուրույն բովանդակությունից, որն աշխատում եմ համալրել իմ արվեստով: Ավարտելով մասնագիտական կրթությունս Երևանի Գեղարվեստի ինստիտուտում` ես տարիներ շարունակ անդրադարձել եմ չարենցյան թեմային: 1967 թվականին Չարենցի 70-ամյա հոբելյանի օրերին բացված իմ անհատական ցուցահանդեսում նրան եմ նվիրել մոտ 25 յուղաներկ ու գրաֆիկ գործեր:
Ներկայացված 50 աշխատանքներից` այդ 25 կտավ կազմող Չարենցաշարը, որպես տարիների պրպտումների արդյունք, նպատակ ունի բացահայտել իր բնույթով եզակի մեծ բանաստեղծի կերպարը, պատկերել նրա միջավայրը և տալ նրա որոշ ստեղծագործությունների գեղանկարչական մեկնաբանումը:
Իմ ամբողջ կյանքում, առավելն ստեղծագործության ասպարեզում, Չարենցը մշտապես հանդիսացել է ներշնչման ու ոգևորության անսպառ աղբյուր: Չարենցյան ռոմանտիկայի ու խորհրդանշական մտապատկերների հախուռն ոգևորությամբ ես ցանկություն եմ ունեցել պատկերել մարդկային ազատության ձգտման դարավոր երազանքների խենթ սլացքը, տիեզերքի անհունը նվաճել ցանկացող նույն այդ մարդու առնական  ու հզոր կամքը, հասցնելով այդ ամենը հաղթական մարդու մոլեռանդ օրհներգության:
Չգիտեմ, ինձ որքան է հաջողվել թափանցել վիթխարի Չարենցի ստեղծագործության և անձնավորության անհուն խորքերը և կտավել այն, ստեղծել կտավներ Չարենցի մոտիվներով, բայց ես դա արել եմ սիրով, հավատով և, որ ամենակարևորն է, պարտքի զգացումով: Այս առիթով հարմար եմ տեսնում կրկնել հայտնի ասույթը.« Ես արի այն, ամենը, ինչ կարող էի, մյուսները թող անեն այն, ինչի ընդունակ են»:
Այժմ էլ ինձ հանգիստ չի տալիս Չարենցյան թեմայի նորովի բացահայտումը, Չարենցյան գաղափարների ու խոհերի համամարդկային արժեքները ներկայացնելը, նրա` կյանքի ու մահվան խոր փիլիսոփայության գեղանկարչական մեկնաբանումը; Եվ ես իմ ուժերի չափով ցանկանում եմ մարմնավորել այն հետագա ստեղծագործություններում:
Շարունակեմ խոսքս, ասեմ.
Իմ կյանքում եղել են թերևս միայն մի քանի նվիրական, կասեի հոգեցունց պահեր (կատարում եմ տարեթվային հուշագրական խախտում, հանուն հուշերիս բուն բովանդակության ընդգծման).
1. 1983-ին ականատեսը եղա Չարենցի 1936-37 թվականներն ամփոփող անտիպ ձեռագրերից կազմված հատորի լույսընծայմանը, որոնց պահպանումը Չարենցի հանձնարարականով ինձ էր վստահված:
2. 1975-ին մասնակցը եղա Չարենցի տուն-թանգարանի պաշտոնական բացման: Կասեմ միայն, որ այն տունը, որտեղ ապրել է մեծ բանաստեղծը իր ընտանիքով, այն տունը, որի ամեն անկյունը իմ մեջ արթնացնում է ջերմ, երջանիկ և միաժամանակ սրտաճմլիկ հիշողություններ, ինձ համար եղել է, կա և կմնա ընդմիշտ`սրբավայր:
3. Չարենցի մասին իմ հուշագրության մեջ հրամայական պահանջ էր զգացվում նյութը վավերացնող փաստերի:
Եվ ես`
1987 թ. սեպտեմբերին դիմում ուղարկեցի Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախարար Մ. Յուզբաշյանին, որում խնդրում էի` իրենց հիմնարկում պահվող Չարենցի արխիվից տալ ինձ որոշ փաստաթղթերի պատճեններ կամ տեղեկանք, հանուն շարադրանքիս ճշմարտացիության:
1989 թ. նոյեմբերին հնչեց հեռախոսազանգ Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի հատուկ բաժնից. մի  աշխատակցի ձեռքով մեր տուն բերվեց փաստաթղթի պատճենը և տեղեկանք, որով հայտնում էին, որ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցների տևական ու մանրազնին որոնումներից հետո գտնվել է մի փաստաթուղթ` Հայկական ՍՍՀ  ներքին գործոց նախարարության երկու աշխատակիցների և իմ` Ռեգինա Ղազարյանի  ստորագրությամբ, որը հավաստում է, որ Չարենցի երեխաներին պատկանող ցուցակում նշված իրերը` 1937 թվին ինձ են հանձնվել, երեխաներին իմ խնամքի տակ թողնելու առիթով: Փաստաթղթի պատճենը տեղեկանքի հետ մեկտեղ այժմ պահվում է Չարենցի տուն-թանգարանում:
Որպես վերջաբան կրկնեմ.
Այսօր արդեն ձեռագրերը պետական հսկողության տակ են. և հենց այսօր դրանք շռայլորեն իրենց ծառայությունն են մատուցում մասնագետներին: Իրենց խոցոտված և տեղ-տեղ փոշիացած վիճակում անգամ, այդ ձեռագրերը դեռ լայն ասպարեզ դուրս չեկած, առաջինը ձեռք պարզեցին հենց իրեն` պոետի կրտսեր դուստր Անահիտին` տալով նրան կյանքի ուղեգիր: Գրվեցին, գրվում են և դեռ կգրվեն հատորներ: Պահպանված ամենավերջին փոշեհատիկն իսկ, իր կենսունակությամբ հոմերոսյան սեղանի փշրանք դարձած, կարող է վերաճել հաստափոր ուսումնասիրության և նոր լույս սփռել բազում հարցերի վրա ու հանդիսանալ մանրակրկիտ ուսումնասիրության առարկա` ներկա ու գալիք սերունդների համար: Չափազանցություն չի լինի ասել, որ արյունագիր այդ պատառիկներից յուրաքանչյուրը ունի դարակազիկ նշանակությունև կարոտ է հզոր գրչի և գիտական ընդհանրացումների մեծ թափի:
ՀՈԳՈՒՍ ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐԱԾ ԼԻՆԵԼՈՎ`ԱՅԼ ԲԱՆ  ՉԻ ՄՆՈՒՄ ԱՍԵԼ ԻՆՁ ՀԻՄԱ, ԲԱՅՑ ԵԹԵ ՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԻՄ ԽՈՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՆԱՐՀ ՀԱՐԳԱՆՔԸ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ` ՆՐԱ ՄԵԾ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:

13/3-84 թ. (1982-1994 թթ.)
Երևան

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Երազանքիս ճանապարհին

Երազանքները կյանքում շատ-շատ են լինում։ Ինչպես բոլոր դեռահասները, այնպես էլ ես շատ երազանքներ ունեմ․ մի մասը կապված ապագայի հետ՝ թե ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ, որ կարողանամ ծառայել իմ հայրենիքին և, բացի դրանից, կարողանամ արժանավայել ապրել։ Իսկ որպես մի փոքր աղջիկ, երազում եմ երբևէ հանդիպել իմ շատ սիրելի երգիչ Գոռ Սուջյանի հետ․ շատ եմ երազում նրա հետ երգել բեմում ։Երազանքը՝ երազանք, բայց այդ ճանապարհը անցնելու համար նախ պետք է երգչուհի դառնալ, իսկ դրան հասնելու համար ես դեռ շատ պետք է աշխատեմ, սովորեմ, որպեսզի կարողանամ հաղթահարել դեպի երազանքս տանող բարդ ու դժվարություններով լի ճանապարհը։