- Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և դրա մասը կազմող Հայրենական մեծ պատերազմը։
Ֆաշիստական Գերմանիան 1939 թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941 թ. հունիսի 22-ին խախտելով 1939 թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած՝ չհարձակման մասին պայմանագիրը՝ հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թթ.): - Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
Տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան:
1942թ. հոկտեմբերից Երևանի Էվակուացված գործարաններից մեկում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում ինքնաթիռի մասեր: Պատերազմի վերջին տարում այդ գործարանը սկսեց այլ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը: Դրանք տեղում փորձարկվում էին և ուղարկվում ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր նաև կաուչուկ, պղինձ և կարբիդ: - Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր` բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին: Միայն ՀԽՍՀ-ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել են ավելի քան 100 հազարը։ - Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
Պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի տեղն ունեցան նաև հայ պարտիզանները։ Ուկրայինայում և Բելոռուսիայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում՝ 200 հայ պարտիզաններ։ Հայերից էին գերազանցապես բաղկացած «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Ա․ Միկոյանի անվան պարտիզական ջոկատները, որոնց շարքերում կային 400 հայ պարտիզաններ։
Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գեորգի Հարությունյանը և ուրիշներ: - Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
Մեծ թվով սփյուռքահայեր մասնակցեցին Գերմանիայի կողմից նվաճված երկրների դիմադրական և պարտիզանական շարժմանը: Ֆրանսիայի պատմության մեջ իր արժանի տեղն է գրավել բանաստեղծ Միսաք Մանուշյանը։ Նա հետմահու արժանացավ Ֆրանսիայի դիմադրական շարժման հերոսի կոչման: Ֆրանսիայում հերոսի մահով ընկան Լուիզա (Լաս) և Արփիար Ասլանյանները։ Այստեղ հակաֆաշիստական պայքարի առաջամարտիկներ են եղել նաև Հայաստանի Ազգային հերոս աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի ծնողները: - Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
Խորհրդային Միության հերոսի կոչման ընդհանուր թվով արժանացել են 108 հայեր, որոնցից երկուսը՝ օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, դարձել են Խորհրդային Միության կրկնակի հերոս։ - Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Հայ ռազմիկները կռվեցին պատերազմի առաջին իսկ օրվանից՝ Բրեստից մինչև Բեռլին։ Ավելի վաղ՝ 1939-1940թթ․ հայ զինվորները մասնակցել են նաև խորհրդա-ֆիննական պատերազմին։ Նրանցից 4-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման։ - Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։
Համազասպ Բաբաջանյան
1906 թվականի փետրվարի 18-ին Չարդախլվի բնակիչ Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում ծնվեց երրորդ արու զավակը` ապագա «Ոսկե աստղի» կավալեր, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:
1915 թ. նրանք ընտանիքով տեղափոխվում են Թբիլիսի, որտեղ նա ընդունվում է հայկական դպրոց, բայց չի ավարտում այն, նորից վերադառնում են գյուղ և մինչև 1925 թվականը զբաղվում է հողագործությամբ: 19-ը տարեկանում Համազասպն առաջին անգամ հագնում է զինվորականի համազգեստ: Սկզբում նա սովորում է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցում, ապա փոխադրվում Անդրկովկասյան զինվորական հետևակային ուսումնարան (Թիֆլիս):
Ռազմական դպրոցն ավարտելուց հետո Համազասպ Բաբաջանյանը նշանակվում է Կովկասյան չորրորդ հետևակային գնդի դասակի հրամանատար: Շատ ժամանակ չանցած՝ նա դառնում է վաշտապետ, ապա գումարտակի հրամանատար: Ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, հետո տեղափոխվում Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) և ծառայում որպես գնդի հրամանատարի տեղակալ:
Առաջին մարտական մկրտությունը Հ. Բաբաջանյանն ստացել է 1939-1940 թվականների ձմռանը սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում: Ցուցաբերած քաջության ու խիզախության համար արժանանում է խրախուսանքի: Դրանից հետո նա փոխադրվում է 19-րդ բանակ, նշանակվում շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ: 1941 թվականի կեսերին 19-րդ բանակը փոխադրվում է ԽՍՀՄ արևմտյան սահման: Այստեղ էլ այդ բանակը դիմավորում է Հայրենական մեծ պատերազմը:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944թ. ապրիլի 26-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարում հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և մարտերում ցուցաբերած հերոսության ու խիզախության համար:
1949-1950 թվականներին Բաբաջանյանը ծառայում էր Գերմանիայում որպես բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար և Մերձկարպատյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ (1950-1959թթ.), իսկ 1959-1967 թվականներին ծառայում է Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատար, Ռ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ:
Նրա քաջարի աշխատանքը միշտ գնահատվել է վերադաս համապատասխան օրգանների կողմից: Բաբաջանյանը խորհրդային զորավարների համաստեղության փայլուն դեմքերից էր և սիրված հասարակության շրջանում, առանձնապես՝ չարդախլվեցիների՝ իր հարազատ գյուղի բնակիչների շրջանում: Համազասպ Բաբաջանյանը հրաժեշտ տվեց կյանքին 1977թ. նոյեմբերի 1-ին:
Հայոց պատմություն 9, էջեր 73-78